Ամստերդամում «Սուրբ Հոգի» պատմական եկեղեցու վերաբացման 33-րդ տարեդարձին նվիրված արարողություններ են կազմակերպվել
Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցին նոյեմբեր 19-20-ին հյուրընկալեց Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանին, որը ժամանել էր նախագահելու համայնքի հիմնադրման 33-րդ տարեդարձին նվիրված արարողությունները։
Նոյեմբերի 19-ին Սրբազան Հայրը նախ հանդիպում ունեցավ եկեղեցու ծխական խորհրդի հետ: Հընթացս ընթրիքի եկեղեցվո հոգևոր հովիվ Տեր Տարոնը ներկայացրեց նորանշանակ ծխական խորհրդի անդամներին, որից հետո Սրբազան Հայրը խոսեց ներկաներին ծխական խորհրդի կարևորության և առաքելության մասին:
Նույն օրը տեղի ունեցավ հանդիպում երիտասարդների հետ: «Սուրբ Հոգի» եկեղեցվո ԱՅՈ երիտասարդաց միությունը կազմակերպել էր դասախոսություն պսակի խորհրդի և հարաբերությունների մասին թեմայով: Խաժակ Սրբազանը հետաքրքիր կերպով, տարբեր օրինակներով ներկայացրեց երիտասարդներին ընտանիքի մոդելը, հարատև ու երջանիկ միության պահպանման գրավականները: Հանդիպման հենց սկզբում ձևավորվեց ազատ, անկեղծ ու անմիջական մթնոլորտ, որն էլ առիթ հանդիսացավ երիտասարդներին անկաշկանդ հղել իրենց հուզող հարցերը և ստանալ սպառիչ պատասխաններ:
Նոյեմբերի 20-ին Սուրբ և Անմահ պատարագը մատուցեց Սրբազան Հայրը: Պատարագի ավարտին կատարվեց հոգեհանգստյան արարողություն եկեղեցին կառուցողների և պատմության ընթացքում իրենց ծառայությունը հայ համայնքին ու եկեղեցու պահպանման համար բերած ննջեցյալ հայորդիների համար: Ապա կատարվեց մատաղօրհնության ավանդական արարողություն, որին էլ հաջորդեց սիրո սեղանը: Ներկաներն իրենց սրտաբուխ նվիրատվությունը կատարեցին ի պահպանություն և ի պայծառություն «Սուրբ Հոգի» եկեղեցու և ծխական համայնքի: