Մակրոնը պլանավորում Է Չինաստան այց կատարել 2023 թվականի սկզբին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պլանավորում Է Չինաստան այց կատարել հաջորդ տարվա սկզբին: Այդ մասին նոյեմբերի 21-ին չինական Global Times թերթում հրապարակված հարցազրույցում, հայտարարել Է Չինաստանում Ֆրանսիայի դեսպան Լորան Բիլին, հաղորդում Է ՏԱՍՍ-ը:
«Նախագահ Մակրոնը պաշտոնն ստանձնելու պահից ի վեր արդեն երկու անգամ այցելել Է Չինաստան եւ մտադիր Է ՉԺՀ այց կատարել հաջորդ տարվա սկզբին»,- հայտնել Է նա՝ նշելով, որ Մակրոնը եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը պահպանում են կանոնավոր շփումները. համավարակն սկսվելուց հետո երեք տարում նրանք միմանց հետ զրուցել են ավելի քան տասն անգամ:
«Սակայն անձնական հադիպումները հանգուցային նշանակություն ունեն մեր երկրների միջեւ հաջող եւ բովանդակալից համագործակցության համար: Վերջերս նախագահ Մակրոնի եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը Բալիում կրում Էր կարեւոր բնույթ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի քանի հարցերի քննարկման համար, ինչպես նաեւ, եթե դա անհրաժեշտ Է, այն խնդիրների քննարկման համար, որոնց շուրջ պահպանվում են տարաձայնություններ»,- ասել Է դիվանագետը:
Ինչպես նշել Է նա, հեռախոսազրույցների ընթացքում Մակոնը եւ Սի Ծինփինը հաճախ քննարկում են Ուկրաինայի ճգնաժամը, Կորեական թերակղզու իրադրությունը, կլիմայի փոփոխության դեմ պայքարը եւ պարենային անվտանգությունը: Մակրոնի եւ Սի Ծինփինի վերջին հանդիպումը կայացել Է նոյեմբերի 15-ին Բալիում Քսանի խմբի (G20) գագաթնաժողովի հարթակներում: