Բաժիններ՝

Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Ալբանիային

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ անցկացրած ընկերական խաղում զիջեց Ալբանիայի ազգային թիմին։

Տիրանայում կայացած խաղն ավելի ակտիվ սկսեցին դաշտի տերերը, որոնք ավելի ակտիվ էին գրոհում։ Հատկապես վտանգավոր էին ալբանացիների կտրող փոխանցումները, որոնք հաճախակի էին անցնում ու մեր թիմի դարպասի մոտ վտանգավոր պահերի առիթ դառնում։

Մի քանի անհաջող փորձերից հետո, ի վերջո, ալբանացիների կողմից հերթական նման փոխանցումը ճակատագրական եղավ Հայաստանի հավաքականի համար։ 28-րդ րոպեին Խուլիանո Սկուկան, տուգանային հրապարակում ստանալով խաղընկերոջ կատարած հետ փոխանցումը, բացեց հանդիպման հաշիվը։

Խփած գոլից հետո ալբանացիները սկսեցին ավելի վստահ գործել․ նրանք հիմնականում վերահսկում էին խաղը, արդյունավետ պաշտպանություն էին կառուցել, իսկ երբեմն նաև հարմար առիթների դեպքում հակագրում էին։

Հայաստանի հավաքականը մրցակցի խփած գոլին կարողացավ կատարել միայն Վահան Բիչախչյանի մի քանի հեռահար հարվածներով, որոնք, սակայն, շեղ էին։ Առաջին խաղակեսն ավարտվեց ալբանացիների նվազագույն առավելությամբ։

Երկրորդ խաղակեսն ավելի ակտիվ սկսեցին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները, սակայն կրկին աչքի ընկան Ալբանիայի թիմի խաղացողները։ Երկրորդ խաղակեսի միջնամասում ալբանացիների հազվադեպ գրոհներից մեկի ժամանակ տուգանային հրապարակում մրցակցի նկատմամբ կանոնները խախտեց Վարազդատ Հարոյանը, մրցավարն առանց վարանելու 11 մետրանոց հարված նշանակեց մեր թիմի դարպասին։ 11 մետրանոց հարվածը 62-րդ րոպեին արդյունավետ իրացրեց Քրիստիան Ասլանին։

Հայաստանի հավաքականը, թեև խաղը փրկելու փորձեր ձեռնարկում էր, սակայն այդպես էլ որևէ լուրջ բան մրցակցին առաջարկել չկարողացավ։ Միայն կարելի է հիշատակել Բիչախչյանի հերթական հեռահար հարվածը, որից հետո գնդալը հետ մղվեց դարպասաձողից։ Խաղն ավարտվեց ալբանացիների հաղթանակով՝ 2-0 հաշվով։

Հայաստանի հավաքականը նոյեմբերի 16-ին ևս մեկ ընկերական հանդիպում անցկացրել էր Կոսովոյի հավաքականի հետ։ Այդ խաղն ավարտվել էր 2-2 հաշվով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս