Հայ դրամատուրգի Անուշ Ասլիբեկյանի «Մադամ Զարուհի» մոնոդրաման մասնակցել է Նյու Յորքում ընթացող United Solo մոնոներկայացումների փառատոնին

Դրամատուրգ, արձակագիր, թատերագետ Անուշ Ասլիբեկյանի «Մադամ Զարուհի» մոնոդրաման մասնակցել է Նյու Յորքում ընթացող United Solo մոնոներկայացումների փառատոնին՝ ամերիկահայ դերասանուհի Նորա Արմանիի թարգմանությամբ, բեմադրությամբ և կատարմամբ՝ բրոդվեյան հայտնի «Theatre Row»-ի բեմերից մեկում:

Բազմաթիվ դիմողների շարքում հեղինակավոր փառատոնին մասնակցելու համար ընտրվել էր հենց հենց այս նախագիծը։

Ներկայացման կոմպոզիտորը Վահան Արծրունին է: Առաջնախաղը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին, ժամը 19:00-ին։

Միացյալ նահանգների Նյու Յորք քաղաքում հիմնադրված United Solo Festival-ը աշխարհի ամենամեծ և ամենահեղինակավոր մոնոներկայացումների փառատոնն է, որն այս տարի անցկացվում էր հոկտեմբերի 3-ից նոյեմբերի 20-ը, Նյու Յորքի թատերական ամենամեծ թաղամասում՝ Բրոդվեյում՝ Մանհեթնի 42-րդ փողոցի և 9-րդ ավենյուի միջև գտնվող «օֆֆ բրոդվեյան» «Theatre Row»-ի թատերական հարթակներում: Խոշորագույն փառատոնին ամեն տարի մասնակցում են տասնյակ ներկայացումներ արտերկրից և ԱՄՆ-ից՝ դրամատիկական, պարային, տիկնիկային, մուլտիմեդիաներ, իմպրովիզներ, սթենդափ շոուներ, մյուզիքլ և այլ ժանրերում:

 

United Solo-ն հիմնադրվել է 2010 թ., և հիմնադրման տարեթվից ի վեր փառատոնի շրջանակում ցուցադրվել են ավելի քան 1000 ներկայացումներ ամբողջ աշխարհից: Փառատոնին մասնակցում են աշխարհահռչակ դերասաններ, «Էմմի»-ի և այլ հեղինակավոր թատերական մրցանակաբաշխությունների մրցանակակիրներ: Այս տարի փառատոնին մասնակցում էր 80 մոնոներկայացում:

Պրեմիերայից հետո «Մադամ Զարուհի» ներկայացման հեղինակները հարցազրույցներ են տվել ամերիկյան Armenian Mirror Spectator թերթին, «Չինգ Ջուհլ» ամերիկյան ինտերնետային ալիքին, առաջնախաղի մասին ռեպորտաժ է հեռարձակել ABN հեռուստաալիքը: Ներկայացման մասին բարձր կարծիք է արտահայտել ամերիկացի ճանաչված քննադատ, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Մարվին Կարլսոնը: Թատերախոսականներ են լույս տեսել The Armenian Mirror Spectator, The Armenian Weekly պարբերականներում:

Անուշ Ասլիբեկյանի այս պիեսը 2015-ին բեմադրվել էր Պատանի հանդիսատեսի թատրոնում՝ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շարքում, բեմադրիչ՝ Հակոբ Ղազանչյան, կոմպոզիտոր՝ Վահան Արծրունի, որի առաջնախաղին գլխավոր դերում հանդես գալու համար հրավիրվել էր Նորա Արմանին: Հետագա տարիներին գլխավոր դերում հանդես է եկել Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Նառա Սարգսյանը:

2016-ին ներկայացումը մասնակցել է Կահիրեի թատերական միջազգային փորձարարական փառատոնին։

Ներկայացումը ստացել է երկու «Արտավազդ» մրցանակ. «Լավագույն երիտասարդ դերաանուհի» անվանակարգում մրցնակ է ստացել Նառա Սարգսյանը՝ Զարուհու դերակատարման համար, և Վահան Արծրունին՝ ներկայացման համար գրված «Լավագույն երաժշտություն» անվանակարգում/:

Պիեսը թարգմանվել է և տապագրվել տարբեր լեզուներով, 2017 թվականին արժանացել է «Երևանյան գրքի փառատոն»-ի դրամատուրգիա մրցանակին, իսկ 2022 թ. ընդգրկվել է Հայ ժամանակակից գրականության քրեստոմատիայում՝ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ տպագրված՝ 10-րդ դասարանի համար նախատեսված հատորում՝:

Այս ներկայացման մասնակցությունը և հաջողությունը հռչակավոր Բրոդվեյում անցկացվող United solo մոնոներկայացումների միջազգային փառատոնում կարևոր իրադարձություն է հայ-ամերիկյան մշակութային կապերի տեսանկյունից: Այն նաև նշանակալից է Հայոց Ցեղասպանութայն թեման միջազգային հարթակներում մեկ անգամ ևս բարձրաձայնելու առումով։

Տեսանյութեր

Լրահոս