
Ռուսաստանը երկրում ԱՄՆ նոր դեսպանի նշանակման հույս ունի. Անատոլի Անտոնով

Ռուսաստանն ԱՄՆ-ի կողմից երկկողմ հարաբերությունները խզելու ցանկություն չի տեսնում և հույս ունի՝ շուտով ՌԴ-ում ԱՄՆ նոր դեսպան կնշանակվի, իսկ դեսպանատունը կսկսի ամբողջ թափով աշխատել:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը:
«Մենք կարծում ենք, որ պետք չէ ընդհատել կապը, պետք չէ խզել դիվանագիտական հարաբերությունները. դա սխալ որոշում կլիներ: Ըստ իս՝ ամերիկյան կողմը ևս չի ցանկանում խզել երկու երկրների միջև հարաբերությունները: Հույս ունենք, որ մոտ ապագայում Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպան կնշանակվի, և դեսպանությունը նոր թափով կսկսի աշխատել»,-նշել է նա:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ավելի վաղ ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջարկել էր դիվանագետ Լին Թրեյսիի թեկնածությունը: Ռուսաստանն արդեն հաստատել է նրա թեկնածությունը, մնացել է՝ այն հաստատվի ամերիկյան սենատում: