
Վատիկանն աշխատանք է տանում Ուկրաինայի շուրջ դիրքորոշումների մերձեցման համար. Հռոմի պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ պատրաստ Է «հնարավոր ամեն ինչ անել Ուկրաինայում միջնորդության և հակամարտության դադարեցման համար», այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ի հրապարակումից:
Նոյեմբերի 18-ին La Stampa թերթում հրապարակված հարցազրույցում քահանայապետն ասել է, որ Վատիկանը «մշտապես հետևում է իրադարձությունների զարգացմանը»: Նրա խոսքով՝ պետական քարտուղարությունն ուսումնասիրում է ցանկացած վարկած և գնահատում է յուրաքանչյուր հնարավորություն, որը կարող է հանգեցնել իրական հրադադարի և բանակցությունների: Հռոմի պապն ընդգծել է, որ Վատիկանը փորձում է զարգացնել «շփումների ցանցը, որը կկարողանար նպաստել կողմերի մերձեցմանը և լուծումների որոնմանը»:
Ֆրանցիսկոս պապը նշել է, որ Վատիկանը պատրաստ է մարդասիրական աջակցություն ցույց տալ Ուկրաինային: «Բացի դրանից, Սուրբ աթոռն անում է անհրաժեշտ ամեն բան գերիներին օգնելու համար», – նշել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը: Վատիկանում բազմիցս ընդգծել են Սուրբ աթոռի պատրաստակամությունն՝ անելու հնարավոր ամեն բան ՌԴ-ի և Ուկրաինայի միջև երկխոսության հաստատման համար:
Ավելի վաղ La Stampa-ն հաղորդել էր, որ Վատիկանը պատրաստ է միջնորդի դեր խաղալ Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններում և առաջակել իր տարածքը հաշտության բանակցությունների անցկացման համար, որոնց կարողանային մասնակցել նաև մյուս կողմերը, մասնավորապես՝ ԱՄՆ-ը և Եվրամիությունը