«Կինս ասաց՝ տղես, էլի կզանգե՞ս, պատասխանեց՝ հա, մամ․ էլ զանգ չեկավ․․․». Արամը զոհվել է ծնունդից 10 օր առաջ՝ Ջերմուկի դիրքերը պաշտպանելիս
2022 թվականի սեպտեմբերի 13-ին թշնամու սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհված Արամ Կիրակոսյանը Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքից էր՝ 19 տարեկան։
Դպրոցում 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել էր Աշտարակի արհեստագործական ուսումնարան՝ խոհարարության բաժին։ 2021 թվականի մարտի 1-ին մեկնել էր ծառայության։
«Սկզբում Վայքի զորամասում է ծառայել, 1.5 տարվա ծառայող էր համարյա, որ տեղափոխեցին Ջերմուկ։ Արամս որ ծառայում էր, այդ ընթացքում կնոջս երեք անգամ վիրահատեցին, դրա համար ինքը մի քանի անգամ արձակուրդ եկավ, մի անգամ 10 օրով է եկել, 2 անգամ էլ՝ 5 օրով։ Վերջին անգամ դեպքից 1 ամիս առաջ էր տուն եկել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի հայրը՝ Խաչատուր Կիրակոսյանը։
Սեպտեմբերի 23-ին Արամը դառնալու էր 20 տարեկան, սակայն թշնամու հարձակման հետևանքով ծնունդից 10 օր առաջ Ջերմուկի դիրքերը պաշտպանելիս զոհվեց․
«Մենք տղայիս հետ վերջին անգամ սեպտեմբերի 14-ին ենք խոսել։ Կինս որ խոսեց, ասաց՝ տղես, էլի կզանգե՞ս, պատասխանեց՝ հա, մամ․․․ էլ զանգ չեկավ։ Դեպքը հենց Ջերմուկում էլ եղել է, ինքը պոստում կանգնած է եղել՝ խրամատի մեջ․․․»։
Նշենք, որ 168.am-ը ինչպես 44-օրյա պատերազմում, այնպես էլ 2022 թվականի սեպտեմբերին զոհված զինծառայողների մասին շարք է պատրաստել։