Մասնագիտական կրթական ծրագրերի բարելավման մեխանիզմները թեմայով վերապատրաստումները բուհերին հնարավորություն կտան փոխանակել լավագույն փորձը
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում նոյեմբերի 18-ին ավարտվեց «Մասնագիտական կրթական ծրագրերի բարելավման մեխանիզմներ» թեմայով վերապատրաստման եռօրյա հանդիպումը, որին մասնակցում էին տարբեր բուհերի ներկայացուցիչներ Հայաստանից և Արցախից:
Վերապատրաստումները բացահայտում են բուհերի լավագույն փորձը, հնարավորություն տալիս մասնակիցներին ձեռք բերել նոր գործիքակազմ և սկզբունքներ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի շահակիցների հետ կապի պատասխանատու Արմենուհի Մհերյանն ասաց, որ վերապատրաստման գործընթացը շարունակական բնույթ է կրում և միտված է կրթության որակի բարելավմանը:
«Այս ծրագիրը մեկնարկել է նոյեմբերի 16-ին: Վերապատրաստման այս փուլին ընդգրկված 11 մասնակիցներից 6-ն Շուշիի տեխնոլոգիական համալսարանի, մյուսները` հայաստանյան բուհերի ներկայացուցիչներ են»,-ասաց նա:
Մհերյանի խոսքով` ներկայում կրթության ոլորտում բավականին թիրախային խնդիր է ինչպես կրթական ծրագրերի մշակումը, կազմակերպումը, այնպես էլ բարելավումը` նոր գործիքների կիրառման համատեքստում:
Շուշիի տեխնոլոգիական համալսարանի Ճարտարապետության, քաղաքաշինության, էներգետիկայի և ջրային համակարգերի դեպարտամենտի ղեկավար Անժելա Բարսեղյանը նշեց, որ նման վերապատրաստումները դրական են ուսանողակենտրոն մոտեցման առումով:
«Այս ծրագիրը մեզ համար նոր հնարավորություններ, մոտեցումներ, մեթոդներ տվեց, որը հետագայում կկիրառենք մեր իսկ բուհերում»,-ասաց նա:
Հայկական պետական մանկավարժական համալսարանի աշխարհագրության ամբիոնի ներկայացուցիչ Անահիտ Մինասյանն էլ հավելեց, որ վերապատրաստումները ոչ միայն նոր գիտելիքներ և նոր գաղափարներ են տալիս, այլև ազդում են մտածելակերպի վրա` հարցին նորովի մոտենալու տեսանկյունից:
«Ես արդեն որոշ ժամանակ է՝ մասնակցում եմ այս վերապատրաստումներին և շատ երախտապարտ եմ: Դասավանդման գործընթացում միայն մեթոդիկան բավարար չէ, պետք է փորձել փոփոխություններ անել նաև գաղափարապես»,-ասաց նա: