«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հայտարարել է Ռոնալդուի հարցազրույցի հետ կապված քայլեր ձեռնարկելու մասին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը հայտարարություն է տարածել՝ ի արձագանք թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի սկանդալային հարցազրույցի, որում վերջինս քննադատել էր ակումբի ղեկավարությանն ու հայտարարել, որ չի հարգում թիմի գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագին:
«Այսօր առավոտյան «Մանչեսթեր Յունայթեդ»-ը համապատասխան քայլեր է ձեռնարկել՝ կապված Կրիշտիանու Ռոնալդուի վերջին հարցազրույցի հետ: Մենք այլ մեկնաբանություններ չենք անի, մինչև այս գործընթացն ավարտին չհասնի»,- ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հարցազրույց էր տվել հանրահայտ լրագրող Պիրս Մորգանին: Ռոնալդուն խիստ քննադատության էր ենթարկել ակումբի ղեկավարությանը՝ նշելով, որ նրանք բացարձակապես ուշադրություն չեն դարձնում սպորտային ասպեկտին, իսկ ակումբը նրանց համար պարզապես մարքեթինգային նախագիծ է: Ռոնալդուն հայտարարել էր, որ չի հարգում թիմի գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագին, քանի որ վերջինս հարգանք չի տածում իր հանդեպ: Ռոնալդուն կարծիք էր հայտնել, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում որևէ առաջընթաց չի եղել թիմի երկարամյա գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո:
Ռոնալդուի հարցազրույցը մեծ աղմուկ է բարձրացրել ֆուտբոլային աշխարհում: Բազմաթիվ լրատվամիջոցներ գրում են, որ այդ հարցազրույցից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ը չի շարունակի համագործակցությունը պորտուգալացի հարձակվողի հետ, և ձմեռային տրանսֆերային պատուհանից հետո նա կհեռանա անգլիական ակումբից: ԶԼՄ-ներում տեղեկություններ են շրջանառվում, որ ֆուտբոլիստի գործակալը բանակցել է Մյունխենի «Բավարիա»-ի հետ, և ձմռանը Ռոնալդուն կարող է տեղափոխվել գերմանական ակումբ:
Ռոնալդուն այս պահին Պորտուգալիայի հավաքականի հետ պատրաստվում է Աշխարհի առաջնությանը, որը մեկնարկելու է նոյեմբերի 20-ին: