
Հայաստանը վերահաստատում է Ուրուգվայում ռեզիդենտ դեսպանություն բացելու հանձնառությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ դեսպան Էդուարդո Ռոսենբրոկ Բիդարտը: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
Շնորհավորելով Հայաստանում Ուրուգվայի առաջին ռեզիդենտ դեսպանին նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը նրան մաղթել է բեղմնավոր աշխատանք և հաջողություն իր պատասխանատու առաքելության գործում:
Իր հերթին շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Ուրուգվայի նորանշանակ դեսպանը նշել է, որ կներդնի առավելագույն ջանքերը երկու երկրների միջև ավանդական բարեկամական հարաբերություններն առավել ամրապնդելու և հայ-ուրուգվայական օրակարգը հարստացնելու ուղղությամբ:
Զրուցակիցները քննարկել են հայ-ուրուգվայական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ քաղաքական երկխոսության, երկկողմ քաղաքական ու տնտեսական կապերի զարգացման, տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները։
Հայկական կողմը վերահաստատել է իր հանձնառությունը հաջորդ տարվա ընթացքում Մոնտեվիդեոյում Հայաստանի ռեզիդենտ դեսպանության բացման առնչությամբ։
ԱԳ նախարարի տեղակալը ուրուգվայցի դիվանագետին ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, անդրադարձ կատարել 44-օրյա պատերազմի և ադրբեջանական ագրեսիաների հետևանքով առաջացած մի շարք կարևոր հումանիտար խնդիրներին։ Ներկայացվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ առկա զարգացումները և հայկական կողմի դիրքորոշումները։
Անդրադարձ է եղել տարածաշրջանային և միջազգային հրատապ մի շարք խնդիրներին: