Բաժիններ՝

Աշխատողներին չէին գրանցել. ՊԵԿ-ի և ԱԱԾ-ի բացահայտումը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տնտեսական հանցագործության նոր դեպք։

Մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում գործունեություն իրականացնող ՍՊ ընկերությունների պատասխանատու անձինք, հարկեր չվճարելու նպատակով, ընկերություններում որպես աշխատողներ են գրանցում միայն աշխատակիցների մի մասին և հարկային հաշվարկներում վարձու աշխատողներին վճարված աշխատավարձերը ցածր են հայտարարագրում։

Ստացված տվյալներն իրացնելու նպատակով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների կողմից մշակվել և ձեռնարկվել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Պարզվել է, որ Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչության թիվ 3 բաժնում հաշվառված, տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում գործունեություն իրականացնող 3 ՍՊ ընկերության փաստացի սեփականատերերը, նախնական համաձայնության գալով, նշված ընկերությունների աշխատանքները համակարգող աշխատակիցների հետ, 2022 թվականի հունիսից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չեն ձևակերպել մի քանի տասնյակ վարձու աշխատողների: Նույն ժամանակահատվածում, ՊԵԿ ներկայացված օրենքով սահմանված հաշվարկներում, հաշվարկված և վճարված աշխատավարձերը ևս չեն հայտարարագրվել: Հարկերը պակաս վճարելու նպատակով բացի աշխատակիցներին չգրանցելուց` ընկերությունների պատասխանատու անձինք հարկային մարմին ներկայացրած եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում էականորեն ցածր են հայտարարագրել նաև գրանցված վարձու աշխատողների աշխատավարձերը։

Ձեռք բերված տեղեկությունների հիման վրա կատարված հարկային պարտավորությունների հաշվարկի համաձայն՝ պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկեր։

Դեպքի առթիվ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը նախաքննություն կատարելու համար փոխանցվել է Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն:

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում դատարանի որոշումների հիման վրա` ԱԱԾ ծառայության Երևանի քաղաքային վարչության և ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների մասնակցությամբ խուզարկություններ են կատարվել ընկերությունների գործունեության վայրերում: Արդյունքում արձանագրվել են օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված վարձու աշխատակիցներ, ինչպես նաև հայտնաբերվել և առգրավվել են քրեական վարույթի համար էական նշանակության փաստաթղթեր և էլեկտրոնային կրիչներ, համակարգիչների հիշողության կոշտ սկավառակներ, շուրջ 580 համակարգիչ, 220 բջջային հեռախոս, 3 համակարգչային սերվեր։

Քրեական վարույթով համակողմանի և պատշաճ քննություն ապահովելու համար ստուգվում են նաև ընկերությունների իրականացրած գործունեության, ներգրավված դրամական միջոցների օրինականությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառի գործունեության անվան տակ ապօրինի գործունեությունը քողարկելու վարկածը։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները և քննչական գործողությունները շարունակվում են, միջոցներ են ձեռնարկվում հանցագործության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու, պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու և այն վերականգնելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս