Դուք ավելիին եք արժանի, հավատացե՛ք. Խաչատուրյանը պետական պարգևներ է շնորհել
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով պաշտպանության, անվտանգության, առողջապահության, մշակույթի և կրթության ոլորտի մի շարք ներկայացուցիչներ արժանացան բարձրագույն կոչումների և պետական պարգևների:
ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Վահագն Խաչատուրյանը առողջապահության զարգացման գործում և Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, սրտի բարդ վիրահատություններ իրականացնող նորարական բժշկական կենտրոն ստեղծելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հագոպ Հովագուիմիանին հանձնեց Հայրենիքի շքանշանը, որով վերջինս պարգևատրվել էր դեռևս 2020 թվականին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով:
Միջոցառման ընթացքում հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվեցին զորամասի հրամանատար, գնդապետ Նարեկ Պետրոսյանը, զորամասի ավագ սպա, մայոր Հովիկ Պապիկյանը, իսկ Արիության մեդալով՝ դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Վոլոդյա Մելքոնյանը:
Մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար նախագահը Մովսես Խորենացու մեդալով պարգևատրեց Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանին և քանդակագործ Հայկ Թոքմաջյանին:
Մխիթար Գոշի մեդալով պարգևատրվեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանը: Իր խոսքում նա նշեց, որ նման գնահատանքի արժանանալը ոգևորիչ է և, միևնույն ժամանակ, պարտավորեցնող:
«Մենք մեր աշխատանքը կատարում ենք պարտքի զգացումով: Ոստիկանության համակարգը բուռն բարեփոխումների փուլում է գտնվում, ձևավորվում է ներքին գործերի նախարարություն, նաև, դրան զուգահեռ, փոփոխություններ են նախատեսվում հենց բուն ոստիկանությունում, որոնք առավել լայն հնարավորություններ կընձեռեն ոստիկանությանը, որպեսզի հասարակությանն ավելի մոտ գտնվի, առավել մասնագիտորեն կատարի իր պարտականությունները և հանցագործությունների բացահայտման կանխարգելման ուղղությամբ ավելի հստակ գործողություններ կատարի»,- ասաց Ֆիդանյանը:
Շնորհավորելով ներկաներին պետական բարձր պարգևների և կոչումների արժանանալու առթիվ՝ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նշեց, որ բոլոր պարգևատրվածներին մի բան է միավորում՝ բոլորն իրենց տեղերում իրենց մասնագիտական կարողությունները, գիտելիքները օգտագործում են բարձր մակարդակով և արժանացել են պարգևների և կոչումների պետության կողմից: «Սա միավորում է բոլորիդ և օրինակ է ծառայելու բոլորիս, որովհետև՝ որպես պետություն, այս պարգևներով ենք փորձում արժանին մատուցել: Դուք ավելիին եք արժանի, հավատացե՛ք»,- ընդգծեց Խաչատուրյանը: