
Դիմումների ընդունման միասնական հարթակի ձևավորումն արմատական փոփոխություններ կբերի քաղաքացի-պետություն հարաբերություններում. Անահիտ Պարզյան

Դիմումների ընդունման միասնական հարթակի ձևավորումը, որն իրականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, հետագայում մաս է կազմելու միասնական թվային լուծման, որը քաղաքացիներին մի շարք հնարավորություններ կտա: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Անահիտ Պարզյանի խոսքով`գործընթացն արմատական փոփոխությունների կհանգեցնի քաղաքացի-պետություն հարաբերություններում:
«Այն հնարավորություն է տալու քաղաքացիներին, օրինակ, ունենալ անհատական պատուհան, ունենալ տեղեկատվություն սոցիալական պաշտպանության ոլորտի և իր հետ առնչվող ողջ փաստաթղթաշրջանառության մասով»,-ասաց նա՝ հավելելով, որ այս թվային մոդելավորումը հնարավորություն կտա քաղաքացուն շատ ավելի արագ կապի դուրս գալ պետության հետ, հայտնել իր կարիքը, ունենալ թափանցիկ պատասխաններ, ինչպես նաև հետևել դիմումի ընթացքին:
Պարզյանն ասաց, որ սոցիալական պաշտպանության ոլորտի թվային փոխակերպումները բազմաթիվ են, և լայնածավալ գործունեություն է իրականացվում, որպեսզի այդ հարթակների հասանելիությունը ընդլայնվի, և քաղաքացիները օնլայն դիմումների համակարգի միջոցով ցանկանացած վայրից, ցանկացած պահին կարողանան իրենց կարիքները հայտնել նախարարությանը:
«Ներկայում սոցիալական պաշտպանության ոլորտի թվային փոխակերպման տարբեր փուլեր են ընթանում: Մասնավորապես, անձի հաշմանդամության կարգը որոշող համակարգն է ներդրվում , որը ոչ միայն ամբողջապես փոխակերպում է հաշմանդամության կարգի որոշման մեխանիզմը , այլ նաև թույլ է տալիս այդ գործընթացներն իրականացնել թափանցիկ և արագ»,-ասաց Պարզյանը՝ ընդգծելով, որ, օրինակ, այն հնարավորություն է տալիս հաշմանդամության կարգ որոշող հանձնաժողովները ձևավորել ավտոմատ կերպով` առանց մարդու մասնակցության:
«Քաղաքացին այլևս պարտավոր չէ անձամբ մոտենալ որևէ մի գրասենյակ և պարտավոր չէ իր հետ տանել մի շարք թղթեր` ապացուցելու համար իր կարգավիճակը: Օնլայն դիմումների հարթակի միջոցով պետությունն արդեն տեղեկատվություն ունի քաղաքացու մասին: Քաղաքացին օնլայն դիմումի միջոցով հնարավորություն է ունենում դիմել պետությանը և, նշելով իր անձը հաստատող փաստաթղթի, կամ հանրային ծառայության համարանիշը, մնացած տեղեկատվության մասին բաց տվյալների մշակման միջոցով ստանալ անհրաժեշտ լուծում կամ պատասխան»,-ասաց նա:
Անդրադառնալով կարճաժամկետ ծրագրերին՝ «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի տնօրենը նշեց 2022 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունների հետևանքով աշխատանքի և սոցիալական նախարարության կողմից ձեռնարկած կարիքի արագ արձագանքման հարթակի մասին, որտեղ հնարավորություն տրվեց քաղաքացիներին արագ լրացնել իրենց կարիքի մասին տվյալներ:
«Մենք ունենք օնլայն դիմումների հարթակներ, որտեղ օրական մինչև 5000 դիմում է ստացվում: Գործիքակազմից հեշտ օգտվելու համար նախարարությունը տեսահոլովակներ է հրապարակում, որը քայլ առ քայլ ցույց է տալիս՝ ինչպես լրացնել դիմումը: Գործում է նաև նախարարության թեժ գիծը»,-հավելեց բանախոսը: