ՃՇՀԱՀ-ի ուսանողը 1500 եվրոյի չափով կրթաթոշակ է ստացել Յուրգիս Բալտրուշայտիսի անվան ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ
Ուսանողների միջազգային օրը առանձնակի կարևորվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողի համար:
Ինչպես հայտնում է ՃՇՀԱՀ մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը, «Յուրգիս Բալտրուշայտիսի» անվան ամենամյա մրցանակաբաշխությանը Աստղիկ Ղազարյանի՝ «Վարդանանց, Շահինյան, Չարենց փողոցներին հարող տարածքի վերակազմակերպման հայեցակարգային նախագիծը» հաղթող է ճանաչվել՝ «Պատմաճարտարապետական միջավայրի արդիականացում» անվանակարգում և արժանացել «Պետրոս Ալոյան» հիմնադրամի կողմից սահմանված 1500 եվրոյի չափով կրթաթոշակի:
ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանության, «Պետրոս Ալոյան» հիմնադրամի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, «Մեդիամաքս» գործակալության կողմից համատեղ իրականացվող լիտվացի պատմաբան, արվեստաբան և համեմատական հետազոտությունների հիմնադիր Յուրգիս Բալտրուշայտիսի անվան ամենամյա մրցանակաբաշխությունը կայացել է 2022 թ. նոյեմբերի 17-ին համալսարանի Յ.Բալտրուշայտիսի անվան լսարանում:
Մրցույթի ավարտական փուլին ներկա էին ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանության երկրորդ քարտուղար Էվալդաս Գալվանաուսկասը, «Պետրոս Ալոյան» հիմնադրամի նախագահ Հայկ Ալոյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը, «Մեդիամաքս» գործակալության տնօրեն Արա Թադևոսյանը, ինչպես նաև համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի ամբիոնների վարիչները, ուսանողները: Ներկաները բարձր գնահատեցին եռակողմ այս համագործակցությունը և ուրախությամբ ընդգծեցին, որ այն դարձել է ավանդական: Մրցույթի նախնական փուլում հանձնաժողովին ներկայացվել է 17 նախագիծ:
Ավարտական փուլի համար ընտրվել էր 5 ուսանողի աշխատանք: Եզրափակիչ փուլում աշխատանքները ներկայացնելուց հետո հանձնաժողովը քննարկեց նախագծերը և առաջնությունը տրվեց այն նախագծին, որը արդիական է իրականացման և վերակառուցման տեսանկյունից: Ուսումնասիրելով ներկայացված նախագծերը, «Պետրոս Ալոյան» հիմնադրամի նախագահ Հայկ Ալոյանը առանձնակի կարևորեց այս միջոցառումը նշելով. «Տարեցտարի ընդլայնվում է ուսանողների մասնակցության թիվը: Հուսով եմ, որ գնալով ավելի լավ աշխատանքներ ենք տեսնելու»:
ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլորին մասնակիցներին համագործակցության համար և ընդգծել մրցանակաբաշխության կարևոր դերը՝ նշելով, որ այն մեծապես նպաստում է հայ-լիտվական բարեկամությանը:
Յուրգիս Բալտրուշայտիսի անվան ամենամյա մրցանակը հիմնադրվել է 2017թ.: