Պետք է նույնիսկ կրճատել այլ ոլորտներում, ուղղություններում նախատեսված հավելյալ հատկացումները, պարգևավճարները և լուրջ գումարներ ուղղել Զինված ուժերին․ Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Զինված ուժերում ատեստավորման գործընթաց սկսելու և դրա հիմքով հավելավճարներ տրամադրելու վերաբերյալ տարբեր առիթներով խոսել եմ։
Այս պրոցեսի հետ կապված մի քանի դիտարկումներ ևս։
Ատեստավորման կարգը սահմանելու է կառավարությունը, սակայն դեռ պարզ չի, թե ըստ մասնագիտությունների, ծառայության առանձնահատկությունների, որքանով դրա անցկացումը կհամապատասխանի «հողի վրա» ծառայության առաջնահերթությունների և որքանով արդարացի պահանջներ կսահմանի զինծառայողների համար։
Շատ մեծ խնդիր է լինելու գործընթացի նկատմամբ վերահսկողությունը, որովհետև արդարության, կոռուպցիոն ցանկացած ռիսկ կարող է զինված ուժերին շատ ավելի մեծ վնաս, բարոյալքման հանգեցնել, քան այսօր դիտվում է։
Դեռ չեմ խոսում այն մասին, որ ատեստավորման գործընթացը սխալ հիմքի վրա դնելը և անհրաժեշտ մեխանիզմների չապահովումը զինված ուժերից զանգվածային ազատումների է բերելու։
Մեկ այլ՝ շատ կարևոր հանգամանք։ Զինված ուժերում չփորձարկված խրախուսման համակարգ ներդնելուց առաջ անհրաժեշտ էր զինծառայողների բազային աշխատավարձն ու մարտական հերթապահության համար նախատեսված հավելավճարը էականորեն բարձրացնել։
Հակառակ դեպքում, եթե նույնիսկ Զինված ուժերի անձնակազմի 60-70%-ն էլ կարողանա հաղթահարել ատեստավորումը, ապա Զինված ուժերի առաջ դրվող խնդիրների առումով լուրջ խնդիրներ են առաջ գալու։
Կարծում եմ, որ հասարակության ներսում էլ առկա է կոնսենսուս առ այն, որ մեր գլխավոր խնդիրը անվտանգությունն է, ինչը նշանակում է, որ ըստ անհրաժեշտության, պետք է նույնիսկ կրճատել այլ ոլորտներում, ուղղություններում նախատեսված հավելյալ հատկացումները, պարգևավճարները և լուրջ գումարներ ուղղել Զինված ուժերին՝ սոցիալականից մինչև առաջնագիծ, սպառազինության ձեռքբերում»։