ԱՄՆ-ը թույլ չի տա Չինաստանին աշխարհում առաջինը դառնալ ռազմական ոլորտում. Պենտագոն
Չինաստանն այժմ Միացյալ Նահանգների համար ամենամեծ աշխարհաքաղաքական մարտահրավերն է ներկայացնում, բայց Վաշինգտոնը թույլ չի տա Պեկինին աշխարհում առաջին տեղն զբաղեցնել ռազմական ոլորտում, հայտարարել է ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի միավորված կոմիտեի նախագահ Մարկ Միլլին:
«Չինաստանը ներուժ ունի՝ դառնալու մեծ մարտահրավեր ԱՄՆ-ի համար. եւ նրանք, ըստ էության, նկատի ունենալով իրենց ժողովրդագրությունները, տեխնոլոգիաները, տնտեսություններն ու մյուս բաները, արդեն ամենամեծ աշխարհաքաղաքական մարտահրավերն են հանդիսանում ԱՄՆ-ի համար»,- ասել է Միլլին՝ հանդես գալով ճեպազրույցում:
Բայց նա նշել է, որ ԱՄՆ-ը «թույլ չի տա Չինաստանին՝ մեզնից առաջին տեղը խլել պաշտպանության ոլորտում»:
Նա հավելել է, որ չինացիներին չի հաջողվի դա անել «ո՛չ հինգ տարի, անց, ո՛չ 10 տարի անց, ո՛չ 15 տարի անց»:
«ԱՄՆ-ը ռազմական առումով ներկայում, անկասկած, չնայած ցանկացած քննադատության, ամենամահացու ռազմական մեքենան է Երկրագնդում»,- հավելել է Միլլին:
«ԱՄՆ-ի բանակը «թիվ մեկ» բանակն է, եւ մենք մտադիր ենք մնալ «թիվ մեկը»,-նշել է նա:
Դրա հետ մեկտեղ Միլլին ընդգծել է, որ Չինաստանն ակտիվորեն զարգանում է ռազմական ոլորտում, մասնավորապես, տիեզերքում եւ կիբեռտարածությունում:
Սակայն, նրա խոսքով, «Չինաստանը չի կարողանա ավելի լավ բանակ ստեղծել, քան ԱՄՆ-ինն է, թեեւ նրանք փորձելու են դա անել»: