
ՀՀ նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Նոր Զելանդիայի ԱԳ և Առևտրի նախարարության արարողակարգի ղեկավարին

Նոր Զելանդիայում ՀՀ նորանշանակ դեսպան Արեգ Հովհաննիսյանն (նստավայրը՝ Տոկիո) նոյեմբերի 14-ին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Նոր Զելանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության արարողակարգի ղեկավար Ռոդ Հերիսին:
Ինչպես տեղեկանում ենք Ճապոնիայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, Ռ. Հերիսը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր աշխատանք: Կողմերը քննարկեցին երկկողմ միջպետական հարաբերություններին առնչվող հարցեր, ընդգծեցին Հայաստանում և Նոր Զելանդիայում երկու երկրների փոխադարձ ճանաչելիության բարձրացման անհրաժեշտությունը, կարևորեցին համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Դեսպան Հովհաննիսյանը Ռ. Հերիսին ներկայացրեց Հայաստանի ձեռնարկած գործնական քայլերը Հարավային Կովկասում հարատև և կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ, ինչպես նաև տարածաշրջանի ներկա աշխարհաքաղաքական իրադրությունը և անվտանգային հարցերը: