Կստեղծվի հաշվեկշռման ծառայություն. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Էներգետիկայի մասին օրենքում փոփոխությանը

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած՝ «էներգետիկայի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է համակարգում ներդնել հաշվեկշռման ծառայություն: «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Տերտերյանը նշեց, որ առաջին կարևոր հարցը, որ փորձում են լուծել նախագծով, հաշեկշռման ծառայության ներդրումն է:

«Այսօրվա կարգավորումների շրջանակում էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները և դրանց սպառող ընկերություններն աշխատում են շուկայական հարաբերությունների և պայմանագրերի հիման վրա: Էլեկտրամատակարարման համակարգերը նույնիսկ ազատ մրցակցային գաղափարախոսությամբ աշխատելու պարագայում ունեն մի ինքնատիպություն. դրանք տեխնոլոգիական առումով ամբողջական են: Եվ դա բերում է նրան, որ պայմանագրերով նկարագրվածից որևէ փոփոխություն պետք է ունենա գնահատական և ազդեցություն»,-նշեց փոխնախարարը:

Կտրուկ շեղումներ թե գերարտադրության, թե թերարտադրության առումով չեն կարող լինել, ինչի կարգավորման համար կա էներգետիկական համակարգի օպերատոր, որը բոլոր գործիքակազմն ու հնարավորություններն ունի այդ շեղումները մոնիթորինգի ենթարկելու և արագ արձագանքելու համար: «Այս օրենքի նախագծով մենք ստեղծում ենք հաշվեկշռման ծառայությունը, որի երկրորդ կարևոր բաղադրիչը պետք է լինի էլեկտրաէներգաարտադրող մի կառույց, որը կկարողանա այս տատանումները հաշվեկռել, այսինքն՝ գերարտադրության դեպքում իր վրա վերցնել այդ ծանրաբեռնվածությունն ու վերաբաշխել տարբեր ուղղություններով, այդ թվում՝ արտահանել, և այդ գերարտադրությունը չեզոքացնել սեփական արտադրության նվազեցմամբ»,-ասաց փոխնախարարը:

Տերտերյանը կոնկրետ օրինակ բերեց՝ եթե օրինակ համակարգի դինամիկ հավասարակշռությունը 100 միավոր է, այդ թվում՝ այդ ընկերության 30 միավոր մասնակցությամբ, և կա 10 միավոր գերարտադրություն, օպերատորի ազդանշանի պարագայում լիազորված ընկերությունն իր 30-ը կտրուկ իջեցնում է 20-ի՝ պահելու դինամիկ հավասարակշռությունը:

Փոխնախարարը վստահեցրեց՝ ընկերությունը որևէ կերպ չի տուժի, իր արտադրածի գնով կստանա փոխհատուցում: Տերտերյանի խոսքով՝ որպես օպերատոր, որը պետք է մատուցի այդ հաշվեկշռման ծառայությունը, տեսնում են Երևանի ՋԷԿ-ին:

Էլեկտրոմոբիլների և էլեկտրական քարշակային ագրեգատորներ ունեցող տրանսպորտային միջոցների լիցքավորումը ևս կանոնակարգվել է նախագծով: «Մենք դա դիտարկել ենք որպես էներգիայի երկրորդային սպառում: Դա չի մտնում այս շուկայական կարգավորումների մեջ: Հակառակ դեպքում՝ կամայական լիցքավորման կետը պետք է դիտվեր որպես էներգիայի սպառող»,-ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս