Դատարանի կողմից փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը մերժելը ապատեղեկատվություն է
Դատարանի կողմից փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը մերժելը ապատեղեկատվություն է: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ Գլխավոր դատախազությունը:
«Փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը նախօրեին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է արել՝ նշելով. «Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ. Մարիկյանի, քննության առնելով ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնի քննչական բաժնի պետի տեղակալի կողմից ներկայացված միջնորդությունը Էրիկ Ալեքսանյանի ու իմ պաշտպանյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու մասին, որոշեց այն մերժել»:
Շփոթմունքի կամ դիտավորության արդյունքում զանգվածային լրատվության միջոցներում և սոցցանցերում լուրեր են տարածվում, թե փաստաբան Է.Ա.-ի նկատմամբ կալանքի երկարաձգման միջնորդությունն է մերժվել, հետևապես փաստաբան Է.Ա.-ն ազատ է արձակվելու:
Գլխավոր դատախազությունը հարկ է համարում տեղեկացնել, որ փաստաբանի գրառումը վերաբերում է մեկ այլ քրեական վարույթի շրջանակում մեկ այլ անձի նկատմամբ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը մերժելու մասին որոշմանը: Նշված գործով Է.Ա.-ն հանդիսացել է պաշտպան և այն որևէ առնչություն չունի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի հոկտեմբերի 19-ի որոշման հետ, որով բավարարվել է Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը, և փաստաբան Է.Ա.-ի նկատմամբ խափանման միջոց կալանքը կիրառվել է երկու ամիս ժամկետով.,- նշված է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ: