Սահակաշվիլիի մոտ, ենթադրվում է, հայտնաբերել են տուբերկուլյոզ եւ դեմենցիա
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի մոտ բժիշկները, ենթադրաբար, հայտնաբերել են տուբերկուլյոզ եւ դեմենցիա: Այդ մասին նոյեմբերի 8-ին վրացական «Ինտերպրեսնյուս» գործակալությանը հաղորդել է Շալվա Խաչապուրիձեն:
«Խոսքը բժիշկների ենթադրական ախտորոշումների մասին է, եւ դրանք դեռ վերջնական չեն, դրանք միայն ենթադրություններ են, այնպես ինչպես եւս 34 հավանական հիվանդությունները Միխեիլ Սահակաշվիլիի մոտ»,-ասել է փաստաբանը: Սահակաշվիլին գաղտնի Վրաստան էր ժամանել անցյալ տարվա սեպտեմբերի 29-ին:
Այդ նույն տարվա հոկտեմբերի 1-ին նա ձերբակալվել էր Թբիլիսիում, ինչից հետո նրան տեղափոխել են Ռուսթավ քաղաքի թիվ 12 բանտ, որտեղ նա հացադուլ է հայտարարել: Հաջորդ ամսին նրան, առանց ազգականների եւ փաստաբանների համաձայնության, Ռուսթավ քաղաքի բանտից տեղափոխել են Թբիլիսիում գտնվող բանտարկյալների հիվանդանոց, իսկ ավելի ուշ՝ Գորի քաղաքի զինվորական հոսպիտալ, որտեղ նա դադարեցրել է հացադուլը:
Ընթացիկ տարվա մայիսի 12-ին Սահակաշվիլիին տեղավորել են Թբիլիսիի «Վիվամեդ» քաղաքացիական կլինիկայում, որտեղ նա գտնվում է մինչեւ այժմ: Վրաստանում Սահակաշվիլին անցնում է մի քանի քրեական գործերով: Իր ձերբակալությունը նա համարում է անօրինական, իսկ առաջարդված մեղադրանքները՝ կեղծ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: