Դեմոկրատները կարող են ընտրությունների արդյունքներով պահպանել վերահսկողությունը Սենատի նկատմամբ. Բայդեն
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ դեմոկրատները երկրում կայանալիք միջանկյալ ընտրությունների արդյունքներով կարող են պահպանել վերահսկողությունը Կոնգրեսի վերին պալատի նկատմամբ, ստորին պալատում նրանց համար ավելի դժվար կլինի դրան հասնել: Միացյալ Նահանգների ղեկավարն այս կարծիքը հայտնել է նոյեմբերի 7-ին՝ Մերիլենդի նահանգում կայացած հանրահավաքից վերադառնալուց հետո:
«Ես լավատեսորեն եմ տրամադրված: Բայց ես միշտ եմ լավատեսորեն տրամադրված»,- պատասխանել է նա լրագրողի այն հարցին, թե քվեարկության ինչ արդյունքներ է սպասում:
Բայդենի խոսքը մեջբերել է Սպիտակ տան մամուլի միությունը: Միացյալ Նահանգների ղեկավարին հարցրել են, թե նա հավատում է արդյոք, որ դեմոկրատներին կհաջողվի պահպանել մեծամասնությունն ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում:
«Ես կարծում եմ, որ դա դժվար կլինի, բայց գտնում եմ, որ մենք կարող ենք: Ես գտնում եմ, որ մենք կհաղթենք Սենատում: Կարծում եմ, Ներկայացուցիչների պալատում ավելի դժվար կլինի»,- ասել է նախագահը:
Այն հարցին, թե ինչպես կփոխվի երկրում իրադրությունը հանրապետականների կողմից ԱՄՆ-ի Կոնգրեսում վերահսկողության հաստատման դեպքում, Բայդենը պատասխանել է, որ ավելի դժվար կլինի: Երկրում միջանկյալ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին: Այնտեղ կընտրվեն ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները եւ Սենատի մեկ երորդը:
Որոշ կանխատեսումների համաձայն՝ հանրապետականները կարող են ավելացնել ներկայացուցչությունն օրենսդիր մարմնի երկու պալատնեում, ինչը նրանց հնարավորություն կընձեռի խոչընդոտելու դեմոտկրատ նախագահի առաջարկությունների իրականացմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: