Ի՞նչ փոփոխություններ են սպասվում «բրյուսելյան փաթեթում». ինչ է առաջարկել Կլաարը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ Երևանում էր գտնվում Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, Կլաարի այցը Հայաստան բավական հագեցած է եղել. մեր դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, այսպես կոչված, «բրյուսելյան փաթեթի» հարցերով ԵՄ կողմից Կլաարը ամբողջովին լիազորված է աշխատանքներ տանել բանակցող կողմերի հետ, և տարածաշրջանային այցը հենց այդ թեմային է վերաբերել։

Մեր տեղեկություններով, նա ՀՀ իշխանություններին փոխանցել է, որ չի բացառվում՝ «բրյուսելյան փաթեթում» որոշակի փոփոխություններ իրականացվեն՝ կոնկրետ չմասնավորեցնելով, թե ինչի մասին է խոսքը։

Մեզ տեղեկացրեցին, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչն առանձին քննարկում է ունեցել նաև խորհրդարանի իշխանական խմբակցության հետ և նշել, որ գուցե հայ-ադրբեջանական հնարավոր համաձայնագրին ընդառաջ խորհրդարանական լսումներ կազմակերպելու անհրաժեշտություն առաջանա, ինչը կարող է դառնալ ՀՀ-ում այդ թեմայի շուրջ իբր «հանրային կոնսենսուսի» վկայության ատրիբուտ։ Մեր տեղեկություններով, այդ հարցը ոչ այնքան միանշանակ է ընդունվել իշխող ուժի ներկայացուցիչների կողմից։

Նրանք Կլաարին փոխանցել են թեմայի շատ զգայուն լինելը, ակնարկել, որ առկա է հանրային կոշտ արձագանք, և թեմայի հետ կապված քննարկումները կարող են բարդություններ առաջացնել:

Եվրոպացի դիվանագետը, սակայն, նշել է, որ գիտակցում է խնդրի խոցելիությունը, բայց ժողովրդավարության տեսանկյունից կարևոր գործընթաց է, ուստի պետք է պատրաստ լինել նաև նման հնարավոր քննարկումների»:

Տեսանյութեր

Լրահոս