Ամիսներ առաջ միջնորդավորված զգուշացում եմ ստացել՝ Սաթիկի ռեսուրսները պառկացնելու ենք. Ս. Սեյրանյան
«Երբեմն ստիպված ես քաղաքացիներին բացատրել՝ ինչպիսի մանիպուլյացիաներ ու կեղծիքներ են կատարվում իշխանությունների կողմից: Ամեն օր է դա հորդում: Պետք է մի քիչ ավելի ջանք դնենք, որ բացահայտենք՝ արդարությունից ու ազնվությունից խոսող իշխանությունները, որոնք ասում են, թե իբր կոռուպցիա չկա, ինչ ունեցվածքի տեր են դարձել»,- «Հայկական օրակարգ. Շարունակություն` հանրահավաքներից հետո» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ) նախագահ Սաթիկ Սեյրանյանը:
Ըստ նրա՝ այդ բացահայտումները շատ կարևոր են:
«Ես տեսնում եմ, որ իշխանության ներսում կա ցայտնոտ, լուրջ խնդիր, որովհետև իրենց ներսում մարդիկ տեսնում են, որ որոշ մարդիկ ավելի շատ են օգտվում իշխանական կերակրատաշտից, քան իրենք: Խմորումներ կան. Դրանով է բացատրվում, որ Նիկոլ Փաշինյանը նորից կուսակցությունն իր ձեռքը վերցրեց»,- ասաց ՀԺՄ նախագահը:
Սաթիկ Սեյրանյանը նկատեց՝ հիմա թույլատրելիի սահմաններում գործողությունների ճանապարհային քարտեզ հրապարակելու ժամանակն է, որովհետև տեսնում ենք՝ իշխանությունները նորից տարբեր գործիքակազմեր են կիրառում:
«Այո՛, կարող են գալ ընդդիմադիր գործիչների բնակարանները, խուզարկություններ անել, քննչականներով տանել-բերել, հետապնդումներ սկսել, գաղտնալսումներ անել: Պետք է պատրաստ լինել դրան: Ես պատրաստ եմ դրան: Այո՛, 168.am-ի էջն էլ կջարդեն: Ես, ի դեպ, ամիսներ առաջ միջնորդավորված զգուշացում ստացել էի՝ Սաթիկի մեդիառեսուրսները պառկացնելու ենք… Հենց խնդիրներ են լինում, իրենք գոտիները ձգում են, որ ավելի թափով ներխուժեն քո կյանք, փակեն հնարավոր բոլոր ուղիները»,- ասաց Սաթիկ Սեյրանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում