Բաժիններ՝

Մեկնարկել են Ճամբարակ քաղաքի կենտրոնական զբոսայգու բարեկարգման աշխատանքները

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել են կենտրոնական զբոսայգու ցանկապատման եւ բարեկարգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, զբոսայգու ցանկապատման եւ բարեկարգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 6 միլիոն 800 հազար դրամ, որի 55 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է տարածքի սալիկապատում, ճաղավանդակներով ցանկապատի կառուցում 219 գծամետր երկարությամբ, գազոնների եզրաքարերի տեղադրում, կանաչապատում։ Ծրագրի իրականացումից հետո Ճամբարակի կենտրոնական զբոսայգին կունենա ցանկապատված ու բարեկարգված տեսք։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի հոկտեմբերի կեսերից եւ ավարտի կհասցվեն մինչեւ տարեվերջ։

«2022 թվականի նոյեմբերի 3-ի դրությամբ արդեն իրականացվել է աշխատանքների ընդհանուր ծավալի մոտ 30-40 տոկոսը։ Արվում է հնարավորը, որպեսզի մինչեւ տարեվերջ կամ ավելի սեղմ ժամկետներում ավարտվեն շինարարական աշխատանքները»,- ներկայացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը։

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս