Բայդենն առաջիկա ընտրությունների կապակցությամբ հայտարարել է, որ «ժողովրդավարությունը գտնվում Է սպառնալիքի տակ»
Նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել է, որ նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրությունները կարող են «ժողովրդավարության համար կրախ» դառնալ: Այդ մասին գրում է Politico հրատարակությունը: «Հոգու խորքում մենք զգում ենք, որ ժողովրդավարությունը գտնվում է սպառնալիքի տակ»,-թերթը մեջբերում է նախագահի հայտարարությունը, որը նա արել Վաշինգտոնում նախընտրական հանրահավաքում ունեցած ելույթի ժամանակ:
Բայդենն իր նախորդին՝ Դոնալդ Թրամփին, մեղադրել է երկրում տարաձայնություններ բորբոքելու մեջ եւ նախազգուշացրել, որ Թրամփի կողմնակիցները, որոնք չեն ընդունում 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները, ներկայում «Ամերիկայում իրենց թեկնածություններն են առաջադրում բոլոր պաշտոններում»: Բայդենն ընդդիմախոսներին մեղադրել է «դեմոկրատների, հանրապետականների եւ անկուսակցական պաշտոնյաների նկատմամբ բռնության» մեջ:
Բայդենն ընդգծել է, որ «դա ճանապարհ է դեպի քաոս Ամերիկայում. դա աննախադեպ է, դա անօրինական է»: Նախագահը հայտարարել է, որ ընտրողները որեւէ թեկնածուի օգտին ձայն տալուց առաջ պետք է իրենց հարց տան. «Կընդունի արդյոք այս մարդը ժողովրդի օրինական կամքը»: «Այդ հարցի պատասխանը կենսականորեն կարեւոր է եւ, ըստ իս, պետք է վճռական լինի»,-ասել է նա, հավելելով, որ «բախտախաղի է դրված ժողովրդավարությունը»:
«Մենք մեր տարաձայնություններն Ամերիկայում չենք լուծի բունտի, ամբոխի, գնդակի կամ մուրճի օգնությամբ»,-նշել է Բայդենը: ԱՄՆ-ում դեմոկրատների անհանգստությունն է առաջացնում այն, որ միջանկյալ ընտրությունների արդյունքներով իրենք կարող են կորցնել հսկողությունը «Ներկայացուցիչների պալատի նկատմամբ այն դեպքում, երբ Սենատի նկատմամբ հսկողության հետ կապված իրադրությունն առայժմ պարզ չէ, գրում է Politico-ն: Միջանկյալ ընտրությունների արդյունքներով՝ կնորացվի ամբողջ Ներկայացուցիչների պալատը եւ Սենատի մեկ երրորդը, կընտրվեն մի շարք նահանգների ղեկավարներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: