Գեղարքունիքում ավարտին է մոտենում կարտոֆիլի եւ կաղամբի բերքահավաքը
Գեղարքունիքի մարզում ավարտին է մոտենում կարտոֆիլի եւ կաղամբի բերքահավաքը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը, 2022 թվականի նոյեմբերի 3-ի դրությամբ, նախնական տվյալներով, մարզի տնտեսություններում կատարված 7003 հեկտար կարտոֆիլի ցանքերից բերքահավաքն ավարտվել է շուրջ 6200 հեկտարի վրա, կաղամբի 506 հեկտար ցանքերից՝ 90 հեկտարի վրա։ Կարտոֆիլի ցանքերի 1 հեկտարն ապահովել է մինչեւ 160-165 ցենտներ, կաղամբի ցանքերի 1 հեկտարը՝ մինչեւ 280 ցենտներ բերքատվություն։ Բերքահավաքի աշխատանքները կշարունակվեն մինչեւ նոյեմբերի կեսերը։
«Կարտոֆիլի ցածր բերքատվությունը պայմանավորված է այս տարվա տեւական երաշտով եւ օդի հարաբերական խոնավության ցածր մակարդակով։ Ավելի քան 70 օր ոչ միայն տեղումներ չունեցանք, այլ նաեւ անապատային չորացնող քամիները պալարագոյացման փուլում ազդեցին կարտոֆիլի բերքատվության աճի վրա։ Նույն պատկերը եղավ նաեւ հացահատիկի դեպքում, երբ կրկին ունեցանք նվազ բերքատվություն։ Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով պատկերն առավել անմխիթարական է ստացվել պտղի արտադրության ոլորտում։ Մայիսյան անակնկալ ցրտերը եւ չափից շատ տեղումները հանգեցրին շատ ծառատեսակների ծաղկավիժման կամ պտղավիժման, իսկ եղած պտուղն էլ ոչ միայն քանակապես է սակավ, այլ նաեւ ապրանքային բերքի չի նմանվել։ Եթե եղանակը լինի բարենպաստ, ապա մինչեւ նոյեմբերի կեսերը դաշտում մնացած բերքը կհավաքվի անկորուստ»,-ներկայացրեց Մարտին Պետրոսյանը։
Խոսրով Խլղաթյան