Բաժիններ՝

Գավառ քաղաքի ճանապարհաշինական խոշոր ծրագիրն իրականացվել է շուրջ 70 տոկոսով

Գավառ քաղաքում այս տարվա հուլիսի 7-ից սկսված եւ ընթացքի մեջ գտնվող ճանապարհաշինական խոշոր ծրագիրն արդեն իրականացվել է շուրջ 70 տոկոսով։ Ինչպես տեղեկացրեց ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնող «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ գլխավոր ճարտարագետ Բաղդասար Նազեյանը՝ հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը 3,4 կիլոմետր է, որն ընդգրկում է Գավառ քաղաքի Հրանտ Հակոբյան, Ազատության, Զորավար Անդրանիկի փողոցները եւ Գավառի կենտրոնական հրապարակին հարող հատվածները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 536 միլիոն 606 հազար դրամ։ Ճանապարհաշինությունն իրականացվում է պետբյուջեից տրամադրված միջոցների հաշվին։ Նախագծով նախատեսված է կառուցել 3053,5 գծամետր երկարության ջրահեռացման ներքին ցանց, խճապատ հիմք եւ 59 հազար 578 քառակուսի մետր երկշերտ ասֆալտբետոնյա ծածկ, որից 8225 քառակուսի մետրը կազմում են իջատեղերը, 15 հազար 200 քառակուսի մետր սալիկապատ մայթեր, տեղադրել բազալտե եզրաքարեր։ Երթեւեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ նախատեսված է իրականացնել նաեւ ճանապարհների կահավորման աշխատանքներ։

2022 թվականի նոյեմբերի 3-ի դրությամբ ջրահեռացման ներքին ցանցը կառուցված է 2686, 5 գծամետր երկարությամբ, սալիկապատ մայթերը՝ 9900 քառակուսի մետր մակերեսով, տեղադրվել է 38 հազար 800 քառակուսի մետր մակերեսով ասֆալտբետոնյա ներքին, 34 հազար 174 քառակուսի մետր մակերեսով ասֆալբետոնյա վերին շերտ, 119 անձրեւահոր, 52 դիտահոր, 670 գծամետր երկարության մետաղյա 325 միլիմետրանոց խողովակներ։ 1560 քառակուսի մակերեսով ասֆալտապատում իրականացվել է իջատեղերում։ Շինարարական աշխատանքները շարունակվում են ամբողջ թափով։

«Գավառ քաղաքի պատմության մեջ առաջին դեպքն է սա, երբ ճանապարհաշինությունն իրականացվում է ջրահեռացման ներքին ցանցի կառուցմամբ։ Գավառի կենտրոնական ու երկրորդական ճանապարհներն ունեցել են միայն արտաքին ջրահեռացում, ինչի պատճառով էլ անձրեւաջրերը կամ ձնհալի ջրերը կուտակվել են ճանապարհներին՝ որոշ տեղերում հեռացման ելքեր չունենալով ու ճանապարհների քայքայման պատճառ են դարձել։ Դրա համար էլ հիմնանորոգվող ճանապարհները քանդվում էին կարճ ժամանակի ընթացքում, փոսային նորոգումները դառնում էին միշտ պահանջված, կատարված աշխատանքները՝ ոչ արդյունավետ։ Հիմա արդեն լուծվում է գլխավոր խնդիրը՝ ջրահեռացումը, որով էլ հիմնանորոգված ճանապարհները երկար կյանք կունենան, սրանով նաեւ երկրորդական ճանապարհների ջրերը հեռանալու ելքեր կունենան։ Ճանապարհաշինական աշխատանքները նախատեսված է ավարտել ութ ամսվա ընթացքում, սակայն, եթե թույլ տան եղանակային պայմանները, մենք մինչեւ տարեվերջ կհասցնենք ավարտել շինարարությունը»,-հավաստեց Բաղդասար Նազեյանը։

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս