Գլխավոր դատախազությունում «Հայաստան» խմբակցության պատգամավորների վերաբերյալ այս պահին որեւէ միջնորդություն առկա չէ

Հայաստանի գլխավոր դատախազությունից արձագանքել են մամուլում հրապարակված տեղեկություններին, թե առաջիկայում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորներին կալանավորելու միջնորդությամբ հանդես կգա:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ դատախազությունում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, նույն խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանի եւ Արմեն Չարչյանի հետ կապված որևէ միջնորդություն առկա չէ:

«Գլխավոր դատախազությունում նշված անձանց վերաբերյալ այս պահին որեւէ միջնորդություն առկա չէ»,- ասաց գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն առաջիկայում խորհրդարան կմտնի 3 պատգամավորների մեղադրանք առաջադրելու եւ կալանավորելու միջնորդությամբ: Խոսքը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, նույն խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանի եւ Արմեն Չարչյանի մասին է, որոնց դատախազը կմիջնորդի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել: Հրապարակման մեջ նշվում է, որ պատգամավորների նկատմամբ հարուցված քրեական գործերը տարբեր դեպքերի են առնչվում:

Տեսանյութեր

Լրահոս