44-օրյա պատերազմի և ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Մարտունիում ապաստան գտած ընտանիքներին աջակցության ցուցաբերումը շարունակվում է
Արցախյան 44-օրյա պատերազմի եւ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծած ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված տասնյակ ընտանիքներ ժամանակավոր ապաստան են գտել Մարտունի քաղաքում, որոնց օժանդակում կամ աջակցում են ինչպես Մարտունու համայնքապետարանը, այնպես էլ առանձին միջազգային կամ տեղական հասարակական կազմակերպություններ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, տեղահանված ընտանիքներին աջակցելու կամ օժանդակելու հետ կապված խնդիրների քննարկման նպատակով Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության եւ «Առաքելություն Հայաստան» ՀԿ աշխատակիցներին։
Շնորհակալություն հայտնելով Մարտունու համայնքապետարանի եւ ՄԱԿ ՓԳՀ-ի միջեւ շարունակական համագործակցության համար՝ համայնքի ղեկավարը բարձր է գնահատել ՄԱԿ ՓԳՀ, «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի եւ «Հայկական Կարմիր խաչի» մարդասիրական առաքելությունն` ուղղված տեղահանված ընտանիքներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախից, ինչպես նաեւ այս տարվա սեպտեմբերի 13-14-ին հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մարտական գործողությունների հետեւանքով տեղահանված եւ Մարտունու տարբեր բնակավայրերում ապաստանած անձանց առկա վիճակն ու սոցիալ-տնտեսական խնդիրները:
Հանդիպման ավարտին ՄԱԿ ՓԳՀ-ի աշխատակիցները գոհունակություն են հայտնել Մարտունու համայնքապետարանի հետ արդյունավետ համագործակցության համար եւ հույս հայտնել, որ քննարկման օրակարգում առկա խնդիրները կլուծվեն համատեղ ջանքերով։
«Այս պահի դրությամբ մենք Մարտունի համայնքում ունենք Արցախից ռազմական գործողությունների հետեւանքով տեղահանված 38 ընտանիք՝ 161 շնչով։ Նրանք օգտվում են պետության կողմից սահմանված բոլոր տեսակի աջակցություններից։ Մարտունու համայնքապետարանը, ինչպես նաեւ առանձին միջազգային ու հասարակական կազմակերպություններ, եւս ցուցաբերում են որոշակի աջակցություն։ Այդ ընտանիքների կողքին ավելացան նաեւ այս տարվա սեպտեմբերի 13-14-ին մեր մարզի սահմանամերձ գյուղերից տեղահանված ընտանիքները։ Նրանց մի մասը վերադարձել են իրենց տներ, սակայն մինչ օրս մեզ մոտ Վարդենիսի բնակավայրերից ապաստանում են 18 ընտանիք՝ 61 շնչով։ Նկատի ունենալով մոտեցող ձմեռը՝ մենք քննարկել ենք այդ ընտանիքներին ձմռանը վառելիքով, պահանջվող այլ պարագաներով ապահովելու խնդիրը։ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին մեզ մոտ Վարդենիս համայնքի սահմանամերձ բնակավայրերից ավելի մեծ թվով ընտանիքներ ապաստան գտան, որոնց մենք օժանդակել ենք կեցության վայրերով, սննդով, հագուստով, հիգիենիկ պարագաներով, նրանց հոգսերը թեթեւացրել միջազգային կամ տեղական հասարակական կազմակերպությունների օժանդակությամբ։ Հրադադարի հաստատումից հետո մեզ մոտ ապաստանածներից շատերը վերադարձել են իրենց տներ եւ անցել բնականոն կյանքի»-, ներկայացրեց Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը։
Խոսրով Խլղաթյան