Բաժիններ՝

Գեղարքունիքի մարզում կատարվել է 9754 հեկտար աշնանացան

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում 2022 թվականի նոյեմբերի 2-ի դրությամբ, նախնական տվյալներով, կատարվել է 9754 հեկտար աշնանացան։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունից, աշնանացանի հիմնական մասը կատարվել է պետական աջակցության ծրագրերի շրջանակներում։

Աշնանացանի ընթացքը Վարդենիս եւ Ճամբարակ համայնքներում որոշակիորեն խաթարվել է 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ ձեռնարկված ագրեսիայի հետեւանքով, սակայն հետագա օրերի ընթացքում տնտեսություններին կրակի դադարեցումից հետո հաջողվել է վերսկսել ցանքի աշխատանքները եւ դրանք ավարտի հասցնել։

«Նոյեմբերի 2-ի դրությամբ, նախնական տվյալների համաձայն, 5500 հեկտար աշնանացան կատարվել է Վարդենիս համայնքի տնտեսություններում։ Երկրորդ բարձր ցուցանիշը Գավառ համայնքում է, որտեղ կատարվել է 1810 հեկտար ցորենի ցանք։ Մարտունի համայնքի տնտեսություններում ցանվել է 924, Ճամբարակ համայնքում՝ 750, Սեւան համայնքում՝ 720 հեկտար աշնանացան։ Այս պահին էլ եղանակային պայմանները բարենպաստ են աշնանացանի համար, ցանքի աշխատանքներն ընթացքի մեջ են, եւ մենք ակնկալում ենք, որ մինչեւ նոյեմբերի կեսերը կունենանք եւս շուրջ 250 հեկտար աշնանացան։ Հավելեմ՝ նախորդ տարում մեր մարզում կատարվել է 9607 հեկտար աշնանացան»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը։

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս