Ճամբարակ քաղաքի բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները մոտենում են ավարտին
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել է բազմաբնակարան 10 շենքերի բակային տարածքները՝ 11 հազար 316 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, որից 9218 քառակուսի մետրը կազմում են բակային հատվածները, 2098 քառակուսի մետրը՝ մայթերը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից , Ճամբարակ քաղաքի Սեպտեմբերի 21/2, Գարեգին Նժդեհի-103, Բաղրամյան-13, Տիգրան Մեծի-7,9,11,13, 14,15 եւ 30 բազմաբնակարան շենքերի բակային տարածքների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 136 միլիոն դրամ, որի 55 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը Ճամբարակի համայնքապետարանը։։ 2022 թվականի նոյեմբերի 2-ի դրությամբ շինարարական աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին։ Ծրագրի իրականացման արդյունքում Ճամբարակ քաղաքի բազմաբնակարան 10 շենքերի շուրջ 320 ընտանիք արդեն օգտվում են բարեկարգ ու ասֆալտապատ բակային տարածքներից եւ մայթերից։
Խոսրով Խլղաթյան