Մեկնարկել է «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» 4-ամյա ծրագիրը
Հայաստանի ամերիկյան համալսարանի «Յակոբեան բնապահպանական կենտրոն»-ը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը եւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը համատեղ տվել են «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» 4-ամյա ծրագրի մեկնարկը, որի մի բաղադրիչն էլ իրականացվում է Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) կողմից։
Ծրագրի երեք հիմնական նպատակներն են` տրամադրել աջակցություն ՀՀ ՇՄ նախարարությանը՝ ներդնելու արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգ ՝ հիմնված ԵՄ լավագույն փորձի վրա, տրամադրել աջակցություն ՀՀ ՏԿԵ նախարարությանը՝ Սեւան քաղաքում եւ այլ պիլոտային համայնքներում ներդնելու սկզբնաղբյուրում թափոնների տարանջատման համակարգ եւ աջակցել ոլորտում կարողությունների զարգացմանը եւ ընդլայնմանը։ Ծրագրի երկրորդ բաղադրիչի իրականացման համար ընտրվել է Սեւան համայնքը:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել աղբի տեսակավորված հավաքման միջոցառումներ, ձեռք բերել համապատասխան գույք ու մեքենամեխանիզացիա, աջակցել վերամշակման ենթակա թափոնների մշակմանը: Սեւան համայնքի եւ «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի միջեւ կնքվող փոխըմբռնման հուշագիրն էլ առաջիկա 4 տարիներին նախատեսվող աշխատանքների հանրագումարն է ներկայացնում:
ՎԶԵԲ-ի աջակցությամբ իրականացվող «Կոտայքի եւ Գեղարքունիքի ԿԿԹԿ ծրագրի հետ համատեղ այն ամբողջական կդարձնի տարածաշրջանում կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրման գործընթացը՝ դրա հետ մեկտեղ հաշվի առնելով համայնքի աշխարհագրական դիրքը եւ զբոսաշրջիկների հոսքը։
Ծրագրի ընթացքում ձեռք բերված հաջողված փորձը նախատեսվում է կիրառել նաեւ հանրապետության մյուս համայնքներում»,-ներկայացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից։
Խոսրով Խլղաթյան