FLYONE ARMENIA-ն երկար դադարից հետո նորից կիրականացնի Երևան- Բեյրութ- Երևան չվերթեր
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից FLYONE ARMENIA-ն կիրականացնի չվերթեր դեպի Բեյրութի Ռ․ Հարիրիի անվան միջազգային օդանավակայան՝ շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին։ Ինչպես հայտնում են ավիաընկերությունից, չվերթերի մեկնարկը կտրվի դեկտեմբերի 14-ին։ Այսպիսով՝ Բեյրութը FLYONE ARMENIA ազգային ավիաընկերության թռիչքային քարտեզում ներառված 13 քաղաքներից մեկն է։
«Մենք անհամբերությամբ սպասում ենք FLYONE ARMENIA հայկական ազգային ավիաընկերության կողմից դեպի Բեյրութ չվերթերի իրականացման վերսկսմանը։ Մենք խոստացել էինք, որ իրականացնելու ենք դեպի Բեյրութ մեր կանոնավոր չվերթները։ Մենք վստահ ենք, որ այս չվերթը պահանջված կլինի մեր ուղևորների համար», – նշում է FLYONE ARMENIA ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։
FLYONE ARMENIA-ն իրականացնում է չվերթեր նաև դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Եկատերինբուրգ, Քիշնև, Փարիզ, Լիոն, Թբիլիսի, Ստամբուլ, Միներալնիե Վոդի և Միլան։ Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 և Airbus A319 օդանավերից։ Դրանք համապատասխանում են օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA-ի կողմից սահմանված անվտանգության բոլոր չափանիշներին։
FLYONE ARMENIA-ն 2022թ․առաջին 10 ամիսների ընթացքում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով ամենաշատ ուղևորներ փոխադրած ընկերությունն է։ Այն սպասարկել է ավելի քան 300.000 ուղևորի, որոնք FLYONE ARMENIA-ի օդանավերով ճամփորդել են Հայաստան և այլ երկրներ։