«Որևիցե մեկը չի ասել, որ ինքնորոշման իրավունքը իրավունք չէ և այլևս գոյություն չունեցող փաստ». Ալեն Սիմոնյան

«Ես ողջունում եմ Արցախի ԱԺ հայտարարությունը, և շատ դրական եմ գնահատում այն հանրահավաքը, որը տեղի ունեցավ Արցախում: Միևնույն ժամանակ, դա չի խանգարում և հետադարձ որևէ ձևով բան չի գցում այն փաստի վրա, որ մենք մշտապես մասնակից ենք դարձնում Արցախի իշխանություններին: Այս անգամ ավելի ենք խորացել և պառլամենտական իշխանության ներկայացուցիչներին նույնպես մասնակից ենք դարձնում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը:

Հարցին՝ կարո՞ղ է բերել հակափաստարկներ, որ իրենց իշխանությունը չի հրաժարվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից, նա պատասխանեց. «Վերցրեք՝ նայեք այն հայտարարությունները, որոնք արվում են: Դուք մի անգամ էլ այստեղ ինձ հարցրիք, թե՝ Ալիևն ասում էր, որ իրեն ճնշում են, ես այն ժամանակ չհասցրի նորմալ պատասխանել, հիմա անդրադառնամ այդ հարցին. Դա ևս ապացույց է, որ ամբողջ բանակցային պրոցեսը բերվել, հասցվել էր նրան, որ Արցախի հարցը որևէ լուծում կունենա՞, թե՞ չի ունենա: Այսինքն՝ ամբողջ բանակցային պրոցեսը բերել, հասցվել էր այն կետին, որտեղ պետք է Ալիևի որոշման վրա հարցը լուծում ստանա, և դա ապացույց է ոչ թե լավ դիվանագիտության, այլ վատ դիվանագիտության: Հիմա, որ մենք գնում ենք բանակցությունների կամ ինչ-որ հարց քննարկելու, դա երկկողմ, երբ Ռուսաստանը կամ Բրյուսելն է՝ եռակողմ կամ քառակողմ ֆորմատների ընդհանուր որոշում է, այլ ոչ թե ինչ-որ մի կողմի վրա է թողնվում, որ ինքը որոշի՝ այո կամ ոչ»:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ Ալիևը բողոքում էր. «Փակ դռների հետևում մեզ վրա մեծ ճնշում է գործադրվում՝ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:

Դիտարկմանը՝ բայց դուք երկու տարի ինքնորոշման իրավունք տերմինն անգամ չեք օգտագործում, միայն ասում եք՝ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովում, դա մեծ տարբերություն է, Ալեն Սիմոնյանն արձագանքեց.

«Կարող եք բացել իմ բոլոր հարցազրույցները և կտեսնեք, որ ասում եմ՝ Արցախի ժողովրդի իրավունքները, իսկ ինքնորոշումը իրավունք է, մեր համար հետևողական հետապնդվող նպատակներից մեկն է: Որևիցե մի տեղ չեք գտնի, որ նման բան չի ասվել: Որևիցե մեկը չի ասել, որ ինքնորոշման իրավունքը իրավունք չէ և այլևս գոյություն չունեցող փաստ»:

Ալեն Սիմոնյանն ասաց, որ Սոչիում և Պրահայում քննարկվում է մեծ մասամբ Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության համաձայնագիրը.

«Սոչիում, Պրահայում և մնացած բոլոր տեղերում հայաստանյան իշխանությունը ասում է և ասելու է, որ Արցախի ժողովրդի ճակատագիրը, Արցախի հետագա բոլոր խոսակցությունները անմիջականորեն պետք է տեղի ունենան Արցախի իշխանությունների, ներկայացուցիչների կողմից և մասնակցությամբ: Մենք ամենասկզբից էլ ասել ենք, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան: Մեծ փոփոխություն չկա»:

Հարցին՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև հնարավոր համարո՞ւմ է բանակցությունները, Սիմոնյանը պատասխանեց. «Եթե նայում ենք ադրբեջանական հռետորաբանությանը, իրենք դա միգուցե որակում են՝ որպես բանակցություն իրենց քաղաքացիների հետ, բայց այդ խոսակցությունն ու շփումներն այսօր նույնպես կան: Ոչ ֆորմալ ձևով, մանր շատ հարցերի պարագայում այդ շփումները, պնդում եմ, որ այսօր կան»:

Տեսանյութեր

Լրահոս