«Այսօրվա իշխանությունն ամենապրոռուսականներից է». Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արձագանքեց Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարություններին:

«Որևէ լրջություն ես իր արտահայտությունների մեջ չտեսա և մտավախություն ունեմ, որ արտահայտած մտքերն այնքան էլ իրենը չէին»,- ասաց նա՝ չհստակեցնելով, թե՝ իր դիտարկմամբ, ով է Լուկաշենկոյի մտքի հեղինակը:

Անդրադառնալով Մարգարիտա Սիմոնյանի և Զատուլինի մուտքի արգելքին Հայաստան, նա նշեց, որ այդ որոշումն ուշացած էր. «Էլի մարդիկ կան, որոնք ՀՀ շահերը ոտնահարելով՝ պետք է գիտակցեն, որ այլևս իրենք ՀՀ-ում անցանկալի մարդ կարող են համարվել»:

Ալեն Սիմոնյանը հորդորեց թեման չտանել այն ուղղությամբ, որ ՌԴ-ն Հայաստանի համար անցանկալի պետություն է. «Այո, կան հարցադրումներ, որոնք մենք բարձրացրել ենք ու բարձրացնելու ենք՝ մեր երկրի շահերը պաշտպանելու համար, բայց մի տարեք դա այն ուղղությամբ, որ դա նշանակում է՝ վերջ, այսօրվանից ռուսական ալիքները փակվելու ենք, մենք այլևս դաշնակից պետություններ չենք: Մենք ՌԴ-ից ակնկալում և սպասում ենք՝ իրենց պայմանագրերով և իրենց ղեկավարության կողմից արված հայտարարությունների հիման վրա ռեալ քայլերի, և մենք այդ ուղղությամբ ենք քայլեր անում, բայց մի տարեք այդ ուղղությամբ, դա սխալ է»:

Նա նշեց, որ իր ռուս կոլեգաների հետ շփումներում հստակ ասում է. «Հայաստանի Հանրապետությունում այսօրվա իշխանությունը թերևս ամենապրոռուսականներից մեկն է, և իրենք դրա հետ համաձայն են: Վերջին այցի ժամանակ, նույնիսկ տեսագրությունը կա, երբ ՌԴ Պետդումայի ղեկավարը հայտարարեց, որ շատ ուրախ է, որ մեր շփումները շատ ավելի շատ են, որովհետև նախորդ իշխանությունների ժամանակ՝ հանրապետական իշխանությունների ժամանակ, այդ շփումները բավարար չեն եղել, մենք ունեցել ենք ԱԺ նախագահ, որն ընդհանրապես, իրենց բառով ասած՝ невыездной է եղել, ունեցել ենք մարդիկ, որոնք ռուսերենին չեն տիրապետել, և մեր կապերը շատ ավելի վատ են եղել: Այսօր մենք ունենք միջպառլամենտական շատ ավելի սերտ հարաբերություններ, իսկ Սերժ Սարգսյանի իշխանության վերաբերյալ, այսպես ասեմ՝ ամենաբացասական արձագանքը Ռուսաստանում լսել եմ Սերժ Սարգսյանի՝ Հանրապետականի, 10 տարվա կառավարման ժամանակահատվածի մասին»:

Տեսանյութեր

Լրահոս