
Հայաստանի ԱԽ քարտուղարն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավար, Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարեկ Շչիգիելին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը:
Ինչպես հայտնում են ԱԽ գրասենյակից, Արմեն Գրիգորյանը ողջունել է առաքելության ղեկավարի այցը Հայաստան և գոհունակություն հայտնել երկկողմ համագործակցության արդյունքների վերաբերյալ: Քարտուղարը վստահությամբ ընդգծել է, որ երկկողմ համագործակցությունն ունի ներուժ՝ նպաստելու տարածաշրջանում անվտանգության միջավայրի ամրապնդմանը:
Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավար Մարեկ Շչիգիելը շնորհակալություն է հայտնել թե՛ պետական, թե՛ տեղական մակարդակներում ցուցաբերված աջակցության համար, մասնավորապես՝ ընդգծել երկկողմ համագործակցությանը նպաստելու բարձր պատրաստակամությունը:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձ են կատարել ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության ընթացքին: