
Ուղիղ երկխոսությունը հարցերը լուծելու և կայուն խաղաղության հասնելու բանալին է. ԱՄՆ Պետդեպը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների մասին

Ամերիկայի Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը և երկու երկրների միջև բանակցություններին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը:
«Մենք հավատում ենք, որ ուղիղ երկխոսությունը հարցերը լուծելու և կայուն խաղաղության հասնելու բանալին է: Ի դեպ, երկու երկրներն էլ հայտարարել են, որ ձգտում են այդ կայուն խաղաղությանը: Այսպիսով՝ մենք հաջորդ ամիսներին կշարունակենք ներգրավված լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ և գործընկերների հետ, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների միջոցով ընթացող բանակցություններին նպաստելու գործում»,- ասել է Փրայսը:
Հարցին, թե կարո՞ղ են լինել ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազրույցներ կամ հանդիպումներ երկու երկրների ԱԳ նախարարների հետ, Փրայսը պատասխանել է.
«Ես կարծում եմ այդ ամենը օրակարգում կա: Մենք կանենք այն, ինչը կհամարենք ամենաօգտակարը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման համար»: