Մասկը Twitter-ի ծրագրավորողներին հանձնարարում է վերադարձնել Vine վիդեո ծառայությունը
Axios պորտալի տվյալներով՝ ծրագրավորողներին հանձնարարվել է ուսումնասիրել հավելվածի կոդը։
Ձեռնարկատեր Իլոն Մասկը, ով Twitter-ի և համանուն սոցիալական ցանցի նոր սեփականատերն է, աշխատակիցներին հանձնարարել է վերագործարկել Vine հավելվածը, որը թույլ է տվել կարճ տեսանյութեր վերբեռնել և դադարեցրել աշխատանքը 2016թ.: Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Axios պորտալը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Նրանց խոսքով՝ ծրագրավորողներին հանձնարարվել է ուսումնասիրել հավելվածի կոդը, որը փակվելուց հետո չի փոխվել։ Axios-ի աղբյուրները նաև հայտնել են, որ Մասկը ամիսներ շարունակ ուսումնասիրել է Vine-ի վերագործարկումը՝ նախքան Twitter-ը գնելը: Նշվում է, որ հավելվածի աշխատանքը կարող է վերսկսվել մինչև տարեվերջ։
Կիրակի օրը Մասկն իր էջում հարցում է հրապարակել այն մասին, թե արդյո՞ք պետք է վերադարձնել Vine հավելվածը։ Երկուշաբթի ծառայության վերսկսմանն աջակցել է քվեարկածների ավելի քան 69%-ը։
Vine-ը թույլ է տվել ստեղծել վեց վայրկյանանոց տեսանյութեր։ Այն ձեռք է բերվել Twitter-ի կողմից 2012 թվականին, սակայն չորս տարի անց նա հայտարարեց, որ անջատում է ծառայությունը և անջատում է նոր տեսանյութեր վերբեռնելու հնարավորությունը։ Միևնույն ժամանակ, հին տեսանյութերի և աքաունթների արխիվը դեռ հասանելի է Vine կայքում, բոլորը կարող են դիտել դրանք:
Սիրարփի Աղաբաբյան