
ՌԴ-ի եւ Իրանի հարաբերությունների շուրջ համապարփակ փաստաթղթի վրա աշխատանքն ավարտվում է. Լավրով

Ռուսաստանի եւ Իրանի համագործակցության շուրջ համապարփակ փաստաթղթի վրա աշխատանքը գտնվում է ավարտական փուլում: Այդ մասին օգոստոսի 31-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ իրանցի պաշտոնակից Հոսեյն Ամիր Աբդոլահիյանի հետ կայացած բանակցություների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
«Մենք բավարարված ենք այն բանով, թե ինչպես են զարգանում մեր երկկողմ հարաբերությունները, դրանք դուրս են գալիս նոր որակական մակարդակ, որը կարձանագրվի մեծ միջպետական պայմանագրում, այդ փաստաթղթի վրա աշխատանքն այժմ գտնվում է ավարտական փուլում»,- ասել է նա:
Ինչպես հայտնել է Լավրովը, Ռուսաստանի եւ Իրանի առեւտրա-տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը պլանավորված է ՌԴ-ում մինչեւ ընթացիկ տարվա վերջը: «Գործնական աշխատանքը կատարվում է առեւտրա-տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում, այն պլանավորում է հերթական նիստն անցկացնել Ռուսաստանում մինչեւ այս տարվա վերջը»,- ասել է Լավրովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: