Բաժիններ՝

Սուրենավան համայնքի նախկին ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Արարատի մարզի Սուրենավան համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնական լիազորությունների անցմամբ և պաշտոնեական կեղծիքի միջոցով նույն համայնքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն ապօրինի օտարելու դեպքի բոլոր հանգամանքները:

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, փաստական տվյալների համաձայն՝ Սուրենավան համայնքի նախկին ղեկավարը, 2017-2021 թթ. զբաղեցնելով նշված պաշտոնը, ընդհանուր 39.2 հա մակերեսով հողատարածքներն օտարելու նպատակով շրջանցել է օրենքով և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ընթացակարգերը:

Մասնավորապես, վերջինս, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների սահմաններից, չունենալով համայնքի ավագանու որոշումը և լիազոր մարմնի համաձայնությունը, որոշումներ է կայացրել նշված հողատարածքներն աճուրդով վաճառելու մասին: Իր հանցավոր գործողություններին օրինական բնույթ տալու և դրանք ավարտին հասցնելու նպատակով համայնքի նախկին ղեկավարն անձամբ կազմել և իր ստորագրությամբ հաստատել է հողամասն աճուրդով վաճառելու մասին արձանագրություններ՝ այնտեղ ներառելով կեղծ տվյալներ այն մասին, թե իբր մի շարք հողամասերի օտարման հարցում նշված համայնքի ավագանին որոշումներով համաձայնություններ է տվել:

Այնուհետև համայնքի ղեկավարը կազմել և իր ստորագրությամբ ու համայնքի ղեկավարի կնիքով հաստատել է բովանդակությամբ կեղծ քաղվածքներ՝ ներառելով կեղծ տեղեկություն այն մասին, թե իբր համայնքի ավագանին ձայների մեծամասնությամբ որոշումներ է կայացրել՝ թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերն աճուրդ վաճառքի կարգով օտարելու վերաբերյալ: Հետագայում նշված կեղծ պաշտոնեական փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ կադաստրի կոմիտե, որոնց հիման վրա պետական սեփականություն հանդիսացող հիշյալ հողատարածքների նկատմամբ գրանցվել է մի շարք քաղաքացիների սեփականության իրավունքը:

Բացի այդ, Սուրենավան համայնքի ղեկավարը, ի պաշտոնե պարտավոր լինելով օրենքով սահմանված կարգով վերահսկողություն իրականացնել համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման նկատմամբ, 0.0085 հա մակերեսով հողամասի և դրա վրա ինքնակամ կառուցված 57.6 քմ մակերեսով շինությունն օտարելու նպատակով, կազմել և ստորագրությամբ հաստատել է 2019 թվականի նոյեմբերի 29-ին իր կողմից կայացված որոշումը, որում կեղծ տվյալներ է ներառել այն մասին, թե իբր համայնքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող հիշյալ հողամասում ինքնակամ կառուցված 57.6 քմ ընդհանուր մակերեսով հասարակական շինությունը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա: Նույն որոշմամբ վերջինս ինքնակամ կառուցված հիշյալ շինությունը ճանաչել է օրինական և համայնքի սեփականության իրավունքը ու դրանով զբաղեցրած պահպանման և սպասարկման համար առանձնացված նշված հողատարածքն ուղղակի վաճառքով օտարել է քաղաքացու, որի արդյունքում գրանցվել է վերջինիս սեփականության իրավունքը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Սուրենավան համայնքի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել՝ 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (ութ դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (ութ դրվագ), (որը համապատասխանում է գործող օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասին և 445-րդ հոդվածի 1-ին մասին): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս