Օտարերկրացիների վեճն ավարտվել էր սպանությամբ
Օգոստոսի 28-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Դավիթ Բեկի փողոցում պարեկներին է մոտեցել մի օտարերկրացի, նրանց ուղեկցել քարի արտադրամասի տարածք, որտեղ ոստիկանները հայտնաբերել են նրա համաերկրացու դին` արնաշաղախ վիճակում, գլխի և դեմքի վնասվածքներով:
Պարեկներն անմիջապես կապվել են ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ հաղորդումը փոխանցվել է Էրեբունու բաժին:
Մեկնել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ղեկավարներ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետը, քննիչ` օպերատիվ խմբով, նաև` դատաբժիշկ ու փորձագետ:
Ձեռնարկվել են անհետաձգելի գործողություններ, իսկ Էրեբունու և Երևան քաղաքի քրեական հետախույզները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ գիշերվա ժամը 2-ին Դավիթ Բեկի փողոցի տներից մեկում 45-ամյա մի օտարերկրացի վիճաբանության ժամանակ մետաղյա ձողով մի քանի անգամ հարվածել է 27-ամյա համաերկրացու դեմքին և սպանել նրան:
45-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է: Պարզվել է նաև, որ հենց նա էր մոտեցել պարեկներին և հայտնել դիակի տեղը:
Հանցագործության գործիքը հայտնաբերվել և առգրավվել է:
Նշանակվել են փորձաքննություններ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: