ՃՇՀԱՀ շրջանավարտներն իրենց ավարտական վկայականները ստացան Գառնու տաճարում
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 2022 թվականի 500 շրջանավարտ իրենց ավարտական վկայականները ստացան Գառնու տաճարի բակում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը իր շնորհավորական խոսքում նշեց, որ միջոցառումը և դրա իրականացման վայրի ընտրությունը պատահական չեն և իր մեջ պարունակում է մի քանի խորհուրդ. «Առաջինը մշակույթ և ճարտարապետական կոթողներ ստեղծելու խորհուրդն է, երկրորդը համաշխարհային մշակութային ժառանգության պահպանումն է, հաջորդը՝ արարումը, կառուցումը, արժեքների ստեղծումը մեր երկրի դիմագծի ձևավորումը ու դարեդար ապագա սերունդներին փոխանցումը, այս բոլոր խորուրդները բնորոշ են մեր ժողովրդին, իսկ մեր համալսարանի շրջանավարտները այս արժեքների կրողներն ու իրականացնողներն են»,-ասաց նա՝ հավելելով, որ շրջանավարտների գլխավոր առաքելությունը պետք է լինի ոչ միայն մեր երկրի մասնագիտական պահանջարկն ապահովելը, այլ նոր որակ, նոր գաղափարներ, նոր տեխնոլոգիաներ ներդնելը մասնագիտական խնդիրների լուծման համար:
«Մաղթում եմ, որ յուրաքանչյուրդ ձեր առաքելությունը իրականացնեք բարձր պատախանատվությամբ և հայրենիքի նկատմամաբ մեծագույն սիրով»,-հավելեց նա:
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի խոսքով` բարձրագույն կրթություն իրականացնող հայաստանյան բուհերի շարքում իր կարևոր տեղն է զբաղեցնում նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, որը պատրաստում է մեր երկրի շենացման գործում իրենց մեծ ներդրումն ունեցող մասնագետների, որոնք, վստահ եմ, պատվով են կատարելու երկրի կառուցման հարցում իրենց վերապահված այս առաքելությունը։
«Հայաստանի Հանրապետությունը, իր առաջ կանգնած լրջագույն մարտահրավերներին ի պատասխան, այսօր աշխարհին պետք է ներկայանա իր երիտասարդ սերնդով, պատասխանատու և ստեղծագործ երիտասարդներով, որոնք պատրաստ են ամրացնելու ու շենացնելու իրենց հայրենիքը՝ ապավինելով գիտելիքի ուժին, որոնք պատրաստ են դառնալու խաղաղության, համերաշխության և բարության ջատագովներ մեր երկրում և համայն աշխարհում։
Հայաստանի Հանրապետության կառավարության համար գերակա խնդիր է կրթության և գիտության զարգացումը, ինչի շնորհիվ միայն հնարավոր է հասնել երկրի կայուն զարգացման ու համընդհանուր բարեկեցության»,- ասաց նա:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն էլ շեշտեց՝ ՃՇՀԱ համալսարանն աչքի է ընկնում կրթական ծրագրերով, առողջ մրցակցությամբ, լավ արդյունքներով, պահանջարկ ունեցող բանիմաց մասնագետներով։
«Շնորհավորում եմ, սիրելի՛ ուսանողներ ու գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիս, որովհետև բոլորս էլ, ի վերջո, քաջ գիտակցում ենք՝ կրթությունն է այն բանալին, որով պետք է բացենք դեռ փակ դռները և հարթենք դեպի բարգավաճում տանող ուղիները։ Բարձրագույն կրթության ոլորտում հստակ նախանշել ենք մեր անելիքները, որոնք դյուրին չեն, բայց միասին պետք է հաղթահարենք և կերտենք մեր ապագան»,- նշեց ԿԳՄՍ նախարարը։