Մոտ 140 ատրակցիոն փորձաքննության արդյունքում ստացել է դրական եզրակացություն
Ոչ մի ատրակցիոն շահագործման չի ենթարկվի առանց համապատասխան փորձաքննության դրական եզրակացության: Փորձաքննության ընթացքում ստուգվում են ատրակցիոնի անվտանգության բոլոր հանգույցները:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագիտական լաբորատրիայի պետ Մարտին Ասլանյանը՝ նշելով, որ, եթե տրվում է բացասական եզրակացություն, ապա դա ուղարկվում է ՀՀ քաղաքաշինության, հրդեհային անվտանգության տեսչական մարմին, որտեղ արգելում են ատրակցիոնի շահագործումը՝ մինչև չունենան դրական եզրակացություն:
Մարտին Ասլանյանն ասաց, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության արտադրական վտանգավոր օբյեկտների ցանկում գրանցված է 212 ատրակցիոն, որոնցից 134-ը գտնվում են Երևան քաղաքում, 78-ը՝ մարզերում: 2022 թվականի օգոստոսի տվյալներով՝ ընդհանուր փորձաքննության են ենթարկվել և տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացություն են ստացել դրանցից 139-ը, որոնցից 50-ը գտնվում են մարզերում, 89-ը՝ Երևանում:
«Համաձայն տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետի, յուրաքանչյուր արտադրական օբյեկտ՝ այս դեպքում ատրակցիոնը, տարեկան առնվազն մեկ անգամ պետք է ենթարկվի տեխնիկական անվտանգության փորձաքննության: Եվ իրավունք ունի շահագործվելու՝ միայն փորձաքննության տեխնիկական ավտանգության դրական եզրակացություն ունենալուց հետո»,- ասաց փորձագիտական լաբորատրիայի պետը:
Մարտին Ասլանյանը շեշտեց, որ փորձաքննության ընթացքում լինում են թերություններ, որոնք չեն հանդիսանում անմիջապես դեպքի սպառնալիք, այս դեպքում կազմվում է թերությունների վերացման միջոցառումների ծրագիր, սահմանվում է ժամանակացույց տվյալ շահագործողի հետ դրանց վերացման վերաբերյալ: Երբ վերացվում են այդ թերությունները, փորձագիտական խումբը կրկնակի ուսումնասիրություն է իրականացնում և, երբ տեսնում են, որ խնդիրները վերացված են՝ նոր տալիս են փորձաքննության դրական եզրակացություն:
Անդրադառնալով ատրակցիոնների մյուս մասին, որոնք դեռ փորձաքննության չեն ենթարկվել, նա նշեց, որ դրանց վերաբերյալ եզրակացությունները դեռևս ուժի մեջ են և ժամկետները լրանալուն պես նույնպես կանցնեն տարեկան սահմանված նոր ստուգումները:
«Այս պահին Գյումրի քաղաքից ստացել ենք փորձաքննություն իրականացնելու հայտ, որը փաստաթղթավորման փուլում է, այնուհետև տեխնիկական անվտանգության փորձաքննություն է անցկացվելու՝ մոտավորոպես 5 աշխատանքային օր հետո»,- նշեց Մարտին Ասլանյանը:
Քաղաքաշինության, հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հանրային կապերի բաժնի պետ Ելենա Զոհրաբյանն ընդգծեց, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից բացասական եզրակացություն ստանալուց հետո իրականացնում են ստուգում, եթե պարզվում է, որ ատրակցիոնը չունի դրական եզրակացություն, բայց շահագործվում է՝ իրականցվում է համապատասխան վարույթ: Տնտեսավարողը տուգանվում է 1 միլիոն դրամ, և կասեցվում է գործունեությունը: Ինչպես նաև հետևում են, որ ատրակցիոնը ապօրինի չշահագործվի, մինչև չվերացվեն բոլոր թերությունները և կրկնակի փորձաքննություն չանցնեն:
Նա ասաց, որ ՀՀ ԱԻՆ-ից ստացել են 41 ատրակցիոնի տվյալներ, որոնք 2022 թվականի մայիսի դրությամբ չեն ենթարկվել տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության:
Ըստ այդ ցանկի՝ 2022 թվականի մայիսին իրականացրել են ստուգումներ, ինչի արդյունքում պարզվել է, որ դրանց մի մասը եղել են չգործող, կամ ընդհանրապես ատրակցիոններ չեն հայտնաբերվել, ենթադրաբար քանդվել են ու այլևս գոյություն չունեն: Եղել է նաև հասցե, որտեղ համայնքի ղեկավարի որոշումով տվյալ ատրակցիոնը ապամոնտաժված է եղել: Ինչպես նաև ստուգման պահին եղել են հասցեներ, որոնք արդեն փորձաքննության կամ վերանորոգման փուլում են և իրենք գրություն են ստացել տնտեսավարողից, որ վերանորոգումից հետո համապատասխան փաստաթղթով տեղյակ կպահեն փորձաքննության արդյունքների վերաբերյալ:
Գայանե Գաբոյան