ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը Զապորոժիեի ԱԷԿ կժամանի այս շաբաթ. գործակալության գլխավոր տնօրեն
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Զապորոժիեի ԱԷԿ մեկնելու համար գործակալության պատվիրակությունը կազմվել է եւ այնտեղ կժամանի այս շաբաթ:
«ՄԱԳԱՏԷ-ի աջակցության պատվիրակությունն արդեն Զապորոժիեի ԱԷԿ-ի ճանապարհին է: Հպարտանում եմ, որ գլխավորում եմ այս պատվիրակությունը, որը Զապորոժիեի ատոմակայան կժամանի այս շաբաթ ավելի ուշ»,- օգոստոսի 29-ին գրել է նա իր Twitter-ում:
Գրոսին նաեւ հավելել է, որ «անհրաժեշտ է պաշտպանել Ուկրաինայի եւ Եվրոպայի խոշագույն միջուկային օբյեկտի անվտանգությունը»: Twitter-ի ՄԱԳԱՏԷ-ի էջում նշվում են մի շարք խնդիրներ, որոնք պետք է կատարեն պատվիրակության անդամները Զապորոժիեի ԱԷԿ-ում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է կայանին հասցված ֆիզիկական վնասի գնահատմանը, օբյեկտի անվտանգության եւ պահպանության համակարգերի աշխատունակության որոշմանը:
Մասնագետները Գրոսիի ղեկավարությամբ պետք է նաեւ գնահատեն կայանի անձնակազմի աշխատապայմանները եւ ընդունեն ատոմակայանի անվտանգության երաշխիքների ապահովման շտապ միջոցներ: Էներգոդարում Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուսական զորքերի վերահսկողության ներքո:
Ինչպես հայտարարել են ՌԴ-ի պաշտպանության նախարարությունում, վերջին օրերին ուկրաինական ուժերը մի քանի հարվածներ են հասցրել կայանի տարածքին՝ օգտագործելով, մասնավորապես, անօդաչուներ, ծանր հրետանի եւ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:
Մեծավ մասամբ գրոհները դիմագրավում են հակաօդային պաշտպանության համակարգերը, սակայն արձանագրում են, որ արկեր են ընկնում ենթակառուցվածքի օբյեկտների եւ միջուկային թափոնների պահեստարանի շրջանում, ինչը ճառագայթման արտահոսքի սպառնալիք է ներկայացնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: