Բաժիններ՝

Մեկնարկում է թենիսի US Open-ը

Ամերիկյան Նյու Յորք քաղաքում մեկնարկում է թենիսի «Մեծ սաղավարտ»-ի ԱՄՆ բաց առաջնությունը:

Տղամարդկանց մենախաղի ֆավորիտներից իսպանացի Ռաֆայել Նադալը մեկնարկում կմրցի Ավստրալիան ներկայացնող Ռիկի Հիջիկատայի հետ: Իսպանացի մեկ այլ թենիսիստ` Կարլոս Ալկարասի առաջին հակառակորդը արգենտինացի Սեբաստիան Բաեսն է: Հույն Ստեֆանոս Ցիցիպասը առաջին փուլում կմրցի Կոլումբիայից Դանիել Գալանի հետ: Հայկական արմատներ ունեցող ռուս թենիսի Կարեն Խաչանովը մեկնարկային փուլում ուժերը կչափի ԱՄՆ-ից Դենիս Կուդլայի հետ:

Կանանց մենախաղում բելառուս Վիկտորիա Ազարենկոն կմրցի Էշլի Կրոգերի (ԱՄՆ), Էմմա Ռադուկանուն (Մեծ Բրիտանիա)`Ալիզե Կորնեի (Ֆրանսիա), Նաումի Օսական (Ճապոնիա)` Դանիել Կոլինզի (ԱՄՆ) հետ: «Մեծ սաղավարտ»-ի բազմակի հաղթող Սերենա Ուիլյամսի առաջին մրցակիցն էլ Չեռնոգորիայից Դանկա Կովինիչն է:

Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը «Մեծ սաղավարտ»-ի 4 հիմնական մրցաշարերից մեկն է, որն անցկացվում է 1881 թվականից: Այս տարի մրցաշարի մրցանակային ֆոնդը ռեկորդային է՝ 60 միլիոն ԱՄՆ դոլար: US Open-ի տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը ռուս Դանիել Մեդվեդևն է, իսկ կանանց մենախաղինը` Էմմա Ռադուկանուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս