«Ծաղրի առարկա են դարձնում թոշակառուներին․ 1900 դրամն ի՞նչ պետք է տա մեզ»․ հարցում՝ Երևանում

Կառավարության վերջին նիստում գործադիրը որոշեց 2022 թվականի սեպտեմբերի 1-ից բարձրացնել կենսաթոշակները և նպաստները։

Այդպիսով՝ նվազագույն կենսաթոշակի չափը նախկին 28600 դրամի փոխարեն՝ կդառնա 30500 դրամ, այսինքն՝ կավելանա 1900 դրամով։

Կառավարության այս որոշումը տարբեր ու որոշ դեպքերում հակասական արձագանքների արժանացավ՝ ոմանք ոջունեցին, շատերը՝ քննադատեցին՝ հիշեցնելով նախարարների, պատգամավորների միլիոնավոր դրամների հասնող աշխատավարձերն և պարգևավճարները, և այդ ֆոնին շարքային քաղաքացու կենսաթոշակն ընդամենը 1900 դրամով բարձրացնելն իրենց գնահատմամբ՝ պարզապես ծիծաղելի է։

168.amն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներով, զրուցել տարեց քաղաքացիների հետ, հետաքրքրվել, թե գո՞հ են Կառավարության այս որոշումից, և  ի՞նչ խնդիր կկարողանան լուծել բարձրացվող  2000 դրամով։

Կարդացեք նաև

«Այդ 1900 դրամը մեզ բացարձակապես ոչինչ չի՛ տա, դա միայն ժողովրդի աչքերն են փակում՝ թոշակառուների, ուղղակի ծաղրի առարկա են դարձնում թոշակառուներին։ Այդ գումարն ի՞նչն է բուժում, իրենց տված թոշակն անգամ կոմունալին չի բավականացնում։ Թող այնտեղ նստողներն ամաչեն, որ ճառեր ասելով՝ ժողովրդի գլխին թուրքի փափախ են դնում»,- ասաց տարեց մի կին։

«Էդ ի՞նչ ավելացում է, ոնց որ շուլուխ անեն ժողովրդի հետ, հատկապես էս գնաճի ֆոնին։ Էս Կառավարությունն իսկականից «վոն» անելու է, դրանց ոչ մի որոշում ես չեմ ընդունում»,- ասաց տարեց մի տղամարդ։

Հարցված քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ այդ որոշումն իրենից ոչինչ չի ներկայացնում․

«1900 դրամն ի՞նչ պետք է տա թոշակառուին, ամեն ինչ թանկացել է ահավոր ձևով, 1900 դրամով ի՞նչ է անելու էդ մարդը։ Ասենք՝ 29.000 դրամը դարձավ 30.000, հետո՞։ Ինչ-որ բան են անում, բայց դա քայլ չի, ոչ էլ կիսաքայլ է, դա ընդամենը՝ ոչ մի բան է, տեղից չի շարժվում։ 1900 դրամն ի՞նչ է, ամոթ էլ է, թող չխոսեն դրա մասին»։

Հարցում իրականացնելիս փողոցի մի անկյունում հանդիպեցինք սուրճ եփող մի կնոջ, որն այդպես է օրվա հացի գումարը վաստակում։ Ասաց՝ թոշակի հույսին չի կարող մնալ, քանի որ թոռանը պետք է պահի, որի հայրը 44-օրյա պատերազմում զոհվել է․

«Իսկ իրենց թոշակներն ինչքա՞ն են բարձրացնելու, ձև են բռնել, հա՞։ Ոչ մեկն էլ մեր մասին չի մտածում, ոչ մեկը։ 1000 դրամով թոշակառուի թոշակն ավելացնում են, բայց 15.000-20.000 դրամով իրենց թոշակն են ավելացնում․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս