Պետք է րոպե առաջ դուրս պրծնել «բերմունդյան եռանկյունու» վերածված «նախկին-ներկա» դիսկուրսի ճիրաններից

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Արդեն անտանելի է դառնում. ամենուրեք հուսահատություն ու հիասթափություն է տիրում, նեգատիվի տարափը խեղդամահ է անում մի ամբողջ ազգ ու պետություն:

Վիճակն իրականում օրհասական է, համընդհանուր ապաթիան ու անտարբերությունը պատել է բոլորին և հատում է թույլատրելիության բոլոր սահմանները:

Խրվելով անցյալի մութ էջերը քրքրելու ու փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելու անիամստ հորձանուտի մեջ, մենք կործանում ենք մեր երեխաների ապագան, կտրում նրանց իրենց հայրենքում ապրելու ու աշխատելու հավատի վերջին թելերը և նրանց ապագայի հայացքն ուղղում դեպի դուրս:

Եթե այսպես շարունակվի, մեծանալու է արտագաղթի ծավալները, դատարկվելու է մեր հայրենիքի վերջին կտորը, որն անխուսափելիորեն բնակեցվելու է քոչվոր ու բարբարոս ցեղերի կողմից:

Պետք է վերջ դնել այս վիճակին, այս չդադարող ստորացմանն ու նվաստացմանը:

Պետք է անհապաղ ձեռնամուխ լինել արժանապատիվ ապագայի նկատմամբ հավատի ու վստահության վերականգնմանը, համազգային երազանքների ու համապետական նպատակների ձևակերպմանը:

Պետք է րոպե առաջ դուրս պրծնել «բերմունդյան եռանկյունու» վերածված «նախկին-ներկա» կործանարար ու անբովանդակ դիսկուրսի ճիրաններից:

Պետք է մշակել ու կիրառական դաշտ բերել Հայաստանի ապագայի կոնցեպտը, պետական, տնտեսական ու հանրային կենսագործունեության ոլորտների բարեփոխման ու արդիականացման ռազմավարություններ, հայեցակարգեր ու ծրագրեր:

Յուրաքանչյուր Հայ մարդ իրավունք ունի իմանալ, թե ինչպես է փոխվելու իր կյանքը, ինչպես է բարելավվելու իր անվտանգությունն ու բարեկեցությունը:

Գոյության սպառնալիքի պարագայում քաղաքական բանաձևերը կենսունակ չեն, քանի որ խնդիրը վերքաղաքական ու վերկուսակցական է, հետևաբար այն պետք է լուծվի վերկուսակցական ու վերքաղաքական հարթության վրա:

Հ.Գ. Ավելի կոնկրետ անելիքների մասին կխոսեմ առաջիկա օրերի ընթացքում:

Հանկարծ դուխներդ չգցեք, մենք շատ ավելի ծանր վիճակում ենք եղել, բայց գտել ենք ուժ վերականգնվելու և հաղթելու համար:

Դա կանենք ևս մեկ անգամ . . .»:

Տեսանյութեր

Լրահոս