Բերձոր, Ներքին Սուս և Աղավնո բնակավայրերում ավարտվել է հուշարձանների տարհանումը
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է.
«Առաջնորդվելով Արցախի Հանրապետության կառավարության 2019թ․ հուլիսի 6-ի թիվ 577-Ն որոշման հիման վրա ԱՀ ԿԳՄՍ նախարարի՝ Քաշաթաղի շրջանի Բերձոր, Ներքին Սուս և Աղավնո համայնքներում գտնվող մշակութային արժեքների տարհանման մասին հրամանով՝ մինչև օգոստոսի 25-ը վերոնշյալ բնակավայրերից տարհանվել են տեղափոխման ենթակա նյութական մշակութային արժեքները (թանգարանային նմուշներ, գրադարանների գրքային ֆոնդ, մոնումենտալ արվեստի հուշարձաններ)։
Այս պահին հուշարձանների տարհանման գործընթացն ավարտված է։ Տեղափոխվել է, ընդհանուր թվով, մոնումենտալ արվեստի 46 հուշարձան, Բերձորի քաղաքային և Աղավնոյի դպրոցական գրադարանները։ Բերձորի քաղաքային գրադարանից 10․000-ից ավել գիրք տեղափոխվել և պահվում է Ստեփանակերտում։
Մոնումենտալ արվեստի հուշարձանները հիմնականում նույնպես տեղափոխվել են Ստեփանակերտ, բացառությամբ՝ Աղավնոյի Սբ․ Նահատակաց եկեղեցի հուշահամալիրում գտնվող մեկ խաչքարի և 4 հուշաքարի (որտեղ գրված էին Սյունիքի աշխարհազորի զոհված ազատամարտիկների անուններ, և հարազատների ցանկությամբ ու առաջարկությամբ տեղափոխվել են Եռաբլուր), սպարապետ Վազգեն Սարգսյանին նվիրված խաչքարի (գտնվում էր Բերձորի հուշահամալիրում, Վազգեն Սարգսյանի ընտանիքի առաջարկությամբ և ցանկությամբ տեղափոխվել է Արարատի մարզի Արարատ համայնք և տեղադրվելու է Սբ. Հակոբ եկեղեցու բակում)։
Տարհանված մյուս հուշարձանների մասով կան տարբեր առաջարկներ, մասնավորապես՝ ՀԱԵ Արցախի թեմի կողմից առաջարկություն կա խաչքարերի մի մասը տեղադրել Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի և Սուրբ Հակոբ եկեղեցու բակում։ Առաջարկ կա Ստեփանակերտ կամ Մարտակերտ քաղաքում ստեղծել պուրակ, որտեղ կտեղադրվի Ներքին Սուսի հերոսների պուրակից տարհանած հուշարձանախումբը։ Տարհանված հուշարձանների ճակատագրին վերաբերող առաջարկները կքննարկվեն լիազոր մասնագիտական շրջանակում և համապատասխան որոշումներ կընդունվեն»։