Գյումրիում բացվեց «Կինոտուն» խորագրով նոր թանգարանային ցուցադրությունը
Գյումրու Շիրազի, 22 հասցեում բացվեց «Կինոտուն» խորագրով նոր թանգարանային ցուցադրություն։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», թանգարանային այս նախագիծն իրականացվել է շատերին հայտնի ալեքսանդրապոլյան շինություններից մեկի բակում, որտեղ նկարահանվել են «Մեր մանկության տանգոն», «Հեղնար աղբյուր», «Ուրախ ավտոբուս» և մյուս կինոնկարները։
Թանգարանային ցուցադրությունը ներկայացնում է հայկական արտադրության կինոֆիլմերի ցուցապաստառներ, կինոնկարների ստեղծման աշխատանքային դրվագներ ներկայացնող եզակի լուսանկարներ, ինչպես նաև իրեր, որոնք օգտագործվել են նկարահանումների ընթացքում։ Բաղկացուցիչ մաս է կազմելու նաև կինոերաժշտաությունը։ «Այս վայրում պատմական հիշողություններ կան՝ սիրված վայր է եղել ռեժիսորների՝ հատկապես Ալբերտ Մկրտչյանի համար։ Դա հայկական կինոմշակույթը ցույց տալու ամենահարմար վայրն էր: Շատ անսպասելի ու շատ արագ՝ երեք շաբաթվա ընթացքում է այս ամենը կազմակերպվել: Ես ունեի հավաքածու, իսկ տարածքը իմ լավ բարեկամ Արթուր Դավթյանի ընտանիքին է պատկանում»,-լրագրողներին տեղեկացրեց Հայկ Դեմոյանը նշելով, որ անհրաժեշտ լուսանկարչական նյութերը տրամադրել են Հայաստանի ազգային արխիվն ու Գրականության ու արվեստի թանգարանը։
Ցուցադրության հեղինակները վստահ են՝ զբոսաշրջիկների մշտական այցելությունների վայրը Գյումրիում այս ցուցադրությամբ էլ ավելի կսիրվի: Մինչև տարեվերջ ցուցադրության մուտքն անվճար է լինելու:
Արմենուհի Մխոյան