Չինաստանի հարավում մոլեգնել է Մա-օն արեւադարձային փոթորիկը
Չինաստանի Գուանդունի հարավային նահանգում մոլեգնել է Մա-օն արեւադարձային փոթորիկը: Հոնկոնգում տեղացել են հորդառատ անձրեւներ, որոնք ուղեկցվել են փոթորկալի քամիներով: Այդ մասին օգոստոսի 25-ին հաղորդում է Associated Press-ը:
Գուանդունի օդերեւութաբանական կենտրոնի տվյալներով, որին վկայակոչում է գործակալությունը, Մա-օն ժամում 25 կիլոմետր արագությամբ շարժվել է հյուսիս-արեւմուտք, քամու արագությունը կազմել է 118 կմ/ժ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Գուանդունի նահանգի Մաոմին քաղաքում բնակիչներին պատվիրել են չմոտենալ ափին:
Նշվում է, որ Հոնկոնգում խիստ եղանակային պայմանների պատճառով մեկ մարդ վնասվածքներ է ստացել: Հոնկոնգի իշխանությունները դադարեցրել են դպրոցների, պատվաստման կենտրոնների, միգրացիոն կենտրոնների աշխատանքը: Փոխվել են գնացքների չվացուցակները: Ավելի վաղ Հոնկոնգի դպրոցներն անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով փակվել էին 2021 թվականի հոկտեմբերին՝ Կոմպասու թայֆունի պատճառով. այդ ժամանակ զոհվել է մեկ մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: